Անտառային վերելք Ապակեքար լեռ
Միշտ էլ երեխաների մոտ հարց է առաջանում, թե այս կամ այն լեռն ինչ պատճառներով է ստացել այդ անվանումը, ինչ նշանակություն ունի այն: Եվ եթե անկեղծ, ոչ միշտ է հաջողվում բացատրել անվան ընտրությունը: Ապակեքարն էլ բացառություն չէր:
Լեռը Հաղարծին գյուղի կողմից դժվարամատչելի տեսք ունի, ավելի շատ ժայռեր են, իսկ Հովք գյուղից անտառածածկ է: Մենք մեր վերելքը սկսեցինք Հովք գյուղից: Գյուղն արդեն իսկ շրջապատված էր գեղեցիկ լեռներով, իսկ գյուղից դեպի հյուսիս արևմուտք իր հմայքն էր ցուցադրում Սառցապատ լեռը՝ պարուրված հսկայական ժայռերով:
Սկզբում շոգ էր, բայց մենք քայլում էինք և առաջ շարժվում դեպի լեռան լանջով խտացող անտառը: Աջից և ձախից բարձր խոտածածկ էր, որոնց մեջ իրենց գլխիկները ձգած դեպի մեզ էին նայում անհամար երիցուկներ:
Հասանք խոստացված ստվերին: Ստորոտից մինչև գագաթ լեռը խիտ անտառածածկ է և հենց այստեղից է, որ հեքիաթային, խորհրդավոր, երևակայություն արթնացնող բնություն է սկսվում: Խիտ ծառերի միջից մի արահետ է բացվում, որը տանում է ինչ որ մի տեղ, ուր գեղեցիկ է և զով, հանդարտեցնող և միաժամանակ ոգևորող: Ակամայից սկսում ես պատկերացնել, թե ինչպես են այստեղից կենդանիներ անցնում և առաջին հերթին՝ եղնիկ: Ծառերի խշշոցը, թռչունների դայլայլը, իրար խառնված խոնավ հողի և տերևների բույրը տեղափոխում են մի այլ իրականություն, ուր ամեն բան գեղեցիկ է և բնական: Իսկ ճոճվող ծառերը լույսի բեկորներին թողնելով անտառի ներսը, հետաքրքիր լուսային խաղ էին ստացել: Կարծես անտեսանելի մեկը բազմաթիվ հայելիներով շողք էր գցում անտառի մեջ:
Քայլում ես խիտ անտառով ու մեկ էլ հայտնվում բարձրունքում, ու չես էլ հասկանում ինչպես հասար գագաթին, դու քո ուժերով եկա՞ր, թե՞ անտառի կախարդանքը քեզ բերեց:
Սա էլ մեր վերելքի փոքրիկ պատմությունից ձեզ ենք փոխանցում, որ դուք էլ ոգևորվեք և գնաք այնտեղ: Մենք գագաթ հասնելու և վերադարձի համար քայլեցինք 8 կմ, բարձրացանք 476մ՝ 1175մ-ից հասանք 1651մ բարությամբ Ապակեքար լեռան գագաթ: