Թզուկների աշխարհ — Քասախի կիրճ

Կիրակի օրը Քասախի կիրճը գույներ ստացավ մեր ներկայությունից …

Երեխաները չէին հասցրել խաղն ավարտին հասցնել, իսկ մենք արդեն Սաղմոսավանքում էինք։ Վաղուց այսքան կարճ ճանապարհ չէինք անցել։ Իջանք մեքենաներից, լսեցինք հրահանգավորումները և մտանք Սաղմոսավանքի բակ, որտեղ մեզ դիմավորեցին ընկերասեր շները և մեզ հետ ճանապարհ ընկան։ Ձյունը խելագար պտույտ էր բռնել քամու հետ, Արա լեռը պարուրվել էր ամպերի մեջ, երկինքը մթնած էր, բայց մենք նույն աշխույժ և աղմկոտ տրամադրությամ մեջ էինք, ինչպես միշտ։ Սաղմոսավանքից սկսեցինք իջնել Քասախի կիրճ։ Նեղլիկ կածանը իջնում էր կիրճի խորքը, մենք էլ հետևում էինք նրան։ Կիրճում վարար և հուժկու հոսքով Քասախ գետն ինչ որ տեղ էր շտապում, աղմկում էր ու փրփրում, այնպես էր աղմկում, որ նույնիսկ կիրճի վերևում էր լսվում։ Արդեն կիրճում ձյունը դադարեց, ավելի ճիշտ՝ ձևափոխվեց, մեզ վրա իջնելով մեղմ անձրևի տեսքով։ Շատախոսելով հասանք կիրճ, հագանք անձրևապաշտպանները ու պայծառ գույներով ողողեցինք այն։ Վարդագույն, կանաչ, դեղին, կապույտ, սպիտակ անձրևապաշտպանները հագած երեխաները մուլտհերոսների էին նմանվել, ավելի կոնկրետ՝ թզուկների։
Այդ օրը փորձությունները շատ էին՝ նախ իջանք նեղ կածանով, հետո կարողացանք դիմակայել մի փոքր վատ տրամադրության մեջ գտնվող եղանակին և քարերի վրայով շրջանցեցինք մեր ճանապարհը փակած Քասախ գետը։ Ճանապարհին հանդիպեցինք Hatis Tour / Հատիս Տուր-ին, և նրանց հիացական ողջույններով ջերմանալուց հետո, յուրաքանչյուրս շարունակեցինք մեր արշավը։
Ցավոք, այս անգամ էլ վերադարձանք լիքը ձեռքերով՝ աղբով լցված տոպրակներով։
Քայլեցինք 7,5 կմ։