Ադրենալինով լի ճամփորդություն դեպի Խաչաղբյուրի կիրճ

08.07.2016թ.՝ օր, որը լի էր ադրենալինով, գեղեցիկ բնապատկերներով և բնության կողմից պատրաստած փորձությամբ: Երգելով, պարելով և անեկդոտներ պատմելով ուղևորվեցինք Տավուշի մարզ: Առաջին կետը Yell Extreme Park-ն էր, որտեղ զիփլայնով թռիչք պետք է անեինք: Թե ինչ խելահեղ զգացողություներ ուեցանք, բառերով հնարավոր չէ փոխանցել. բարձրություն, արագություն, բնություն, վախ ու հիացմունք խառնվում են իրար ու քեզ աննկարագրելի վիճակի մեջ գցում: Թռիչքից հետո սաղարթախիտ անտառով շարունակեցինք մեր ճամփորդությունը դեպի Խաչաղբյուրի կիրճ, որն առավել հայտնի է Լաստիվեր անունով, որտեղ մեզ էր սպասում գողտրիկ հանգստյան գոտին՝ փայտաշեն տնակներով, գամակներով ու գետի աշխույժ շառաչյունով: Դեպի Խաչաղբյուրի կիրճ ճանապարհը շատ հեշտ է, քանի որ միայն իջնում ես: Բայց հարկավոր է զգույշ լինել, քանի որ ճանապարհի որոշ հատվածներ բարձունքի եզրով են անցնում: Այդ բարձունքից սաղարթախիտ անտառներով ծածկված սարերի տեսարան է բացվում, որը տարվա տարբեր եղանակներին այլ գեղեցկություն է ունենում: Մենք գնացել էինք ամռանը և մեզ բաժին հասավ կանաչ գեղեցկությունը: Եթե դեպի կիրճ գնալը հեշտ էր, ապա վերադարձը` ոչ այնքան, քանի որ պետք է վերելք անեինք: Եվ դա էլ բավական չէր, վերադարձի ճանապարհին հորդառատ անձրև սկսվեց, բայց մենք միևնույն է չհուսահատվեցինք, քանի որ մեր թիմի երեխաները շատ միասնական ու ընկերասեր են, և ամբողջ ճանապարհին օգնում էին միմյանց: