Մեկ օրում երկու գագաթ` Կարմիր կատար և Աժդահակ լեռներ

 Օգոստոսի 5-ին գնացինք Աժդահակ լեռը բարձրանալու: Առաջին կանգառը Գեղարդ գյուղում էր, որտեղից ԶԻԼ-ով շարժվեցինք դեպի Գեղամա լեռներ: Սկսեցինք քայլել Պայտասար լեռան ստորոտից և հայտնվեցինք մի կախարդական վայրում՝ դիմացը վերջ չունեցող կանաչ սարավանդն էր, իսկ աջից և ձախից հրաբխային լեռներ էին: Երեխաների մեծ մասն առաջին անգամ էր 3000մ բարձրության վրա, իսկ մենք դեռ պետք է հաղթահարեինք ևս 597մ և հասնեինք 3597մ բարձրությունը:

Չնայած դժվարություններին բոլորս էլ բարձր տրամադրությամբ էինք և անհամբեր սպասում էինք, թե երբ ենք վերջապես տեսնելու Աժդահակը, իսկ նա քողարկվել էր Կարմիր կատար լեռան լանջի հետևում: Աժդահակ լեռը գտնվում է Գեղամա լեռների կենտրոնական մասում` Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին, ունի 3597մ բարձրություն: Ճանապարհին որոշում կայացրեցինք Աժդահակը բարձրանալուց առաջ բարձրանալ նաև Կարմիր կատար լեռը և շարունակել քյլել դեպիԱժդահակ այդ երկու լեռները միացնող «կամուրջով»: Կարմիր կատար լեռն էլ 3530մ բարձրություն ունի: Կարմիր կատարից բացվող տեսարանը պարզապես շլացուցիչ էր՝ փիրուզագույն խառնարանային լիճ, որի հետևի ֆոնին հսկա Աժդահակն էր՝ կարմիր փեշով և կանաչ գագաթով: Օգոստոսի 5-ը մեզ շատ բան տվեց՝ տեսանք բազմաթիվ հրաբխային կոներ, խառնարաններ, խառնարային լճեր, քայլեցինք և փափուկ կանաչով, և մեծ ու փոքր քարերի միջով, սեփական փորձով զգացինք բարձրության ազդեցությունը մեր օրգանիզմի վրա… Բայց կարևորը կարողացանք կանգնել ինչպես Կարմիր կատարի գագաթին /3530մ/, այնպես էլ Աժդահակի /3597մ/ և ընդհանուր առմամբ քայլեցինք 13կմ:

Առավելագույն բարձրություն- 3597մմ

Նվազագույն բարձրություն-3000մ

Ընդհանուր վերելք- 597մ

Ընդհանուր վայրէջք- 597մ

Երկարություն-13կմ (3,55կմ վերելք, 3,88կմ վայրէջք)

Տևողությունը- 7 ժամ 29 րոպե:

Ժամանակաշրջանը- 05 օգոստոսի 2017թ.: