Արշավ Շրեշտասարի շուրջ

Տարվա եղանակը շատ մեծ նշանակություն ունի երթուղու ընտրության մեջ։ Իսկ Վայոց Ձորն այն մարզն է, որտեղ պետք է գնալ մինչև շոգերն ընկնելը։ Որոշեցինք, որ վերջին արշավը կլինի Շրեշտասարի շուրջ՝ Վարդանես լճի ափին հանգիստ կազմակերպելով։

Շրեշտասար լեռնագագաթը Ելփին գետի ձախափնյակում է՝ Ելփին գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը՝ 2098 մ։ Սկսեցինք քայլել Ելփին գյուղից։ Եղանակը մեծ ազդեցություն ունի քայլելու արագության վրա։ Հաշվի առնելով շոգը, քայլում էինք հանգիստ տեմպով, ավելի հաճախ հանգստանում, որպեսզի չջրազրկվենք։ Այս քայլուղին շատ հետաքրքիր է անցնելը, քանի որ հայտնվում ես քարափների վերևում, անցնում Քարկատարի լեռների ստորոտով, և վերջապես հայտնվում Վարդանես լճի ափին։ Հեռվից այն շատ դժվար է նկատել, քանի որ իր մեջ արտացոլված բնության գույները այն դարձնում են աննկատելի։ Վարդանես լիճը բնության հուշարձան է, գտնվում է ծովի մակարդակից 1748 մ բարձրության վրա և գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

Այս արշավի շրջանակներում ջրային օձ և բեզորյան այծեր տեսանք։ 14կմ քայլեցինք անխնա այրող արևի տակ, և ամեն փոքրիկ ստվեր մեզ անասելի երջանկություն էր պարգևում։