Արցախի երեխաների հետ Աղավնո լեռան գագաթին

Արցախի և Երևանի, Աբովյանի և Մուսալեռան երեխաները միասին հաղթահարեցին Աղավնո լեռան բարձրությունը, հաղթահարեցին հոգնածությունն ու չկարողանալու վախը, հաղթահարեցին շփման կաշկանդվածությունը, հաղթահարեցին գոյություն չունեցող սահմանները …
7-17 տարեկանների ջերմությամբ լցվեց այս օրերին տխուր դարձած Հայաստանի մի փոքրիկ հատված։ Վերելք հանուն հաղթական խաղաղության, սա էր մեր մտքում և լեզվին։
Երեխաների խոսք ու զրույցով, ծիծաղով ու արցախյան բարբառով լցված վերելքը շատ արագ ստացվեց՝ 12։30 գագաթին էինք։ Մեկ ժամ գագաթին մնալուց, լուսանկրվելուց հետո սկսեցինք ցած իջնել։ Ընթացքում Արցախի բարբառի իմացության քննություն անցանք, խոստացանք հաղթական խաղաղությունից հետո հյուր լինել Մադաղիսում, Կոճողուտում, Ստեփանակերտում, միասին բարձրանալ Արցախի լեռները …
Անտառում հարմար տեղավորվեցինք և երեխաները սկսեցին երգել, որից հոգիդ մեկ տխրում էր, մեկ՝ ցնծում, մեկ վրեժով լցվում, մեկ՝ ջերմությամբ. <<Մասիս սարը վկա, թուրքը ծնկի կգա …>>, <<Կռիվ տվին հերոսները, հողը արյամբ պահելով, չթողեցին, որ պղծեն մեր պատմությունը հայոց …>>։
Վերադարձի ճանապարհին այցելեցինք <<Տառերի պուրակ>> և Հովհանավանք, ծանոթացանք պատմությանը և վայելցինք Քասախի կիրճի գեղեցկությունը։
Իրար հրաժեշտ տվեցինք հարազատացած և նոր հանդիպման սպասումով։
Քայլեցինք 7 կմ, հաղթահարեցինք 400մ բարձրություն՝ հասնելով Աղավնո լեռան գագաթ (2309մ)