Բնությանն օգնենք շնչել

Բնությունն է մարդկային առողջ կենսակերպի հիմքը: Եթե բնությունը հիվանդ է, ինչպե՞ս կարող ենք մենք առողջ լինել:

Տարբեր լեռներով, անտառներով, կիրճերով արշավելիս մենք հիանում, ոգեշնչվում և ուժ ենք առնում այդ բնությունից: Հիանում ենք կիրճի խորությամբ և այնտեղ փրփրացող գետով, վեր հառնող հսկա ժայռերով, հիանում ենք անտառի խտությամբ, գույներով, վայելում ենք թարմ օդը, լեռան բարձունքից տեսնում ենք հորիզոններ և դրա մեջ ամփոփված բնաշխարհ …: Երկիրը, ըստ երևույթին, միակ մոլորակն է, որտեղ գոյություն ունի կյանք և այն վտանգված է. այն վտանգում են աղետներն ու մարդիկ:

13.10.2018թ. մեկնեցինք Լոռու մարզ: Այս անգամ էլ նպատակը ոչ միայն բնության մեջ ժամանակ անցկացնելն էր, այլ նաև մեր մեջ բնակվող և շրջապատող բնությունը մաքրելը: Աղբահանության երթուղին հետևյալն էր՝ Լոռի բերդից դեպի Ձորագետի կիրճ իջնող արահետով պետք է քայլեինք մինչև Ստեփանավանի կամուրջ, և բարձրանաինք դեպի քաղաք: Բերդի տարածքում շրջայցից և որոշակի մշակությաին տեղեկատվությամբ հարստանալուց հետո սկսեցինք ցած իջնել: Ձորագետի կիրճն անասելի գեղեցիկ է՝ վերևից նայելիս այլ զգացողություններ են, ներքևից՝ այլ: Դեպի վեր ձգվող անձեռակերտ ժայռերի մեծությունից շունչ է կտրվում և այդ ժայռերի տակով՝ գունավորված խոտերի միջով, նեղլիկ արահետը դեպի ցած է տանում՝ մոտեցնելով մեկ փրփրող, մեկ հանդարտ հոսող Ձորագետ գետին:

Կարծես թե սովոր ենք բնությունից հավաքել պլաստիկե շշեր, բաժակներ, ափսեներ, տարբեր սննդի տուփեր, բայց այստեղ պատկերը մի փոքր այլ էր: Բացի նշածներից մեծամասնություն էին կազմում պոլիէթիլային տոպրակները, մանկական տակդիրները, հագուստը, ինչպես բզկտված, այնպես էլ ամբողջական: Եվ այս ամենը գետափին գտնվող ծառերի վրա էր: Նայելիս զգացողություն էր, որ ծառերը խեղդվում են: Այդ աղբն այնքան էր սերտաճել ծառերին, որ մեծ դժվարությամբ էինք դրանք մաքրում: Ցավալի պատկեր: Եվ այն, որ երեխաները 30 պարկ աղբ հավաքեցին, շատ քիչ օգնություն էր բնությանը և ժամանակավոր, քանի դեռ այդ կիրճից չեն հեռացրել քաղաքային աղբավայրը: Ինչպե՞ս կարելի է քաղաքային աղբավայրը նման տեղում կազմակերպել՝ գետի ափին: Վերևից աղբը քամիների և ժամանակի շնորհիվ ընկնում է գետը, իսկ գետն էլ այն հասցնում է այլ վայրեր՝ աղտոտելով ինչպես մոտակա, այնպես էլ հեռու գտնվող շրջակա միջավայրը:

Մեր ակումբը շատ է ժամանակ անցկացնում բնության մեջ և այդ բնությանը շնորհակալություն հայտնելու նվազագայուն ձևը այն չաղտոտելն ու ժամանակ առ ժամանակ մեծ աղբահավաք կազմակերպելն է: Գուցե մեր կողմից շատ չնչին օգնություն է բնությանը, բայց այն, որ երեխաների մեջ ամրապնդվում է չաղտոտելու մշակույթը, դա փաստ է: Եվ այն, որ 27 երեխա մասնակցեց աղբահավաքին, խոսում է ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների բնության հանդեպ հոգատար լինելու մասին: