Բնություն և գժություն

Ով չի պարել սարի գլխին, ով ցրտին ու անձրևին ամբողջ օրով արշավ չի գնացել, ով երեսուն երեխաների ընկերակցությամբ նույն քանակով բջջային հեռախոսներից հնչող տարբեր երգերի տակ ավտոբուսով չի ճամփորդել, ով այդպիսի օրերին չի սնվել թփերից հավաքած մասուրով ու ալոճով, ոտից գլուխ թրջված ցեխերի մեջ գնդակ ու թռչող ափսե չի խաղացել, ով մի սարի գագաթին հասնելու համար չի հաղթահարել ևս մի քանի գագաթ, չի հասկանա երբեք, թե ինչ մեծագույն հաճույք է տանը լռության մեջ գորգին նստած տաք թեյ վայելելն ու ոչինչ չանելը։ Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու՞ մարդ հանգիստը թողած գնում-ընկնում է սար ու ձոր։ Ի՞նչն է քշում ինքդ քեզ հաղթահարելու անիմաստ ու աննպատակ դժվարություններ, գիտակցաբար չլվելու ու հոգնելու, սառելու, քամահարվելու ու արևահարվելու։ Սրանք ուղղակի հռետորական հարցեր էին։ Կարող եք չպատասխանել։ Ուրեմն, ո՞վ է ում ուսուցիչը, մեծերը փոքրերի՞, թե՞ փոքրերը մեծերի, սկսել եմ կասկածել։ Ի՞սկ կառավարիչը։ Վերջը, երեխաները ան-կենդանի վիճակում պատեպատ զարնվելուց հետո նաև վերևների, իմա տիեզերքի համակարգող օգնությամբ, գտնում են մի լեռնագնացության խմբակ, որը ճիշտ և ճիշտ հարմար էր նրանց բնութենապաշտ, անձրևագիժ, ձնատենչ ու լեռնամոլեգին էությանը։ Ինչո՞ւ այդքան ծանր մակդիրներով, որովհետև շնակատվամկնասիրությունից բացի մեր շենքում հայտնի էին նաև իրենց անձրևային զբոսանքներով։ Ինչքան ավելի ուժեղ տեղատարափ ու հեղեղ է, այնքան նրանց դուրս գնալու ցանկությունն ավելի անզուսպ է։ Եվ երբ բոլոր խելքը գլխին, կարգին մարդիկ տանն են պատսպարվում մոտալուտ սելավից, մերոնք պիտի դուրս գան ու բակով մեկ ուրախանալով ու գոռգոռալով վազվզեն թեկուզ քամուց ու անձրևից թափված թթի ծառի տակի ծփացող թթալճակի մեջ։ Այնպես որ նոր խմբակը փրկություն էր բնությունից զուրկ մեծացող, բջջայինների գերությունից ազատվելու կարիք ունեցող քաղաքաբնակ փոքրիկ անսանձ նախամարդուկների համար։

–Խելոք մնա, թե չէ արշավ չես գնա։ Ուխ, սանձելու մի տարբերակ ունեցանք։ Ու երևի թե ամենադաժանը։

Հեղինակ` ակումբի անդամներ Արամի և Արփիի մայրիկ Աշխեն Բախչինյան