Բջնի` քայլարշավ և ժայռամագլցում նոր ուղիով

Ամեն բան սկսվեց նրանից, որ Բջնու բերդ գնալիս մտանք գյուղացիներից մեկի բակ և հողամաս։ Բարեբախտաբար տան տերը չառարկեց և սիրով ուղեկցեց դեպի բերդ տանող մուտքը։ Այդ պատահականության շնորհիվ մենք բերդ մտանք մի շատ հետաքրքիր գետնափոր ճանապարհով, որտեղ այնքան մութ էր, որ լապտերներ միացրեցինք, և այնքնան նեղ էր, որ մեկ-մեկ անցանք։ Ոգևորված անսպասելի արկածից՝ հայտնվեցինք բերդի վրա, որի բարձրությունից ամբողջությամբ բացվում էր աշնանային Բջնիի տեսարանը։ Շատ տների բակերում այրում էին չորացած խոտեր և գյուղը ծխում էր՝ այն պարուրելով հետաքրքիր բույրով և գույնով։ Այդ բարձրությունից զննեցինք դիմացի ժայռերը, որտեղ պետք է գնայինք մագլցելու։ ՄԱԿ-ի Հայաստանյան Գրասենյակի շնորհիվ, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի մասնակցությամբ Բջնիում մշակվել էին 3 մագլցման ուղիներ, որոնցից մեկը ստացավ 4 Peaks անվանումը, որն ունի 23մ բարձրություն և 4а բարդություն։ Անծանոթ ուղիով մագլցելիս սուր զգացողությունները կրկնապատկվում են, քանի որ չգիտես ինչ դժվարությունների կհանդիպես առջևում։ Եվ հենց այդ զգացողությունների ուղեկցությամբ սկսեցինք մագլցել՝ կատարելագործելով մեր հմտությունները։ 23 մ բարձրությամբ երբևէ չէինք մագլցել, և այս մագլցման շնորհիվ բարձրությանը վարժվելու նոր փորձ ունեցանք: Անձրևի պատճառով ստիպված էինք շուտ հեռանալ, բայց միևնույն է, Երևան եկանք բարձր տրամադրությամբ և դրական լիցքերով։