Գեղարոտի ջրվեժի սառցաբեկորը

Ժամանակ առ ժամանակ գնում ենք արշավներ, որոնք այնքան էլ բարդ չեն, որպեսզի նաև հանգիստ վիճակում վայելենք բնությունը։ Լեռնային վերելքներից և ճամբարից հետո որոշեցինք գնալ Գեղարոտի ջրվեժ։ Այստեղ կարելի է և հանգստանալ, և զովանալ։ Միակ անհարմարությունը բեռնատար մեքենայով Արագած գյուղից ջրվեժին մոտենալն էր։ Ջրվեժին մոտ զմրուխտ կանաչ էր և չնայած հուլիս ամսվա վերջն էր, բայց լեռների վրա ձյունն ամբողջությամբ չէր հալվել։ Ջրվեժից մի փոքր հեռու նստեցինք, հաց կերանք, հանգստացանք։ Այստեղ շատ շոգ էր, բայց մենք գիտեինք, որ ջրվեժին մոտ շատ ցուրտ է լինելու, այնպես որ պատրաստ էինք տաք հագուստով ընդառաջ գնալ սառնաշունչ Գեղարոտին։ Ջրվեժին մոտ լանջերին ձյուն կար և այդ մասն անցանք զգուշությամբ, քանի որ մեր ոտքերը սահում էին։ Ջրվեժի և գետի շառաչը ստիպում էին գոռալով խոսել։ Գեղեցկագույն Գեղարոտին հսկում էր մի մեծ սառցաբեկոր, որին մոտ կանգնելիս սառնություն էինք զգում։ Բնության հրաշք է հուլիս ամսին սառցաբեկոր տեսնելը, որն ասես միտք էլ չուներ հալվելու։ Երեխաների զարմացած դեմքերն ամեն ինչ արժեին։ Բնության հետ շփվելու առավելություններից մեկն էլ սեզոնից դուրս եղանակների և երևույթների հետ հանդիպումն է։ Մոտ քառասուն րոպե կարողացանք մնալ ջրվեժի մոտ, հետո բառիս բուն իմաստով փախանք ջրվեժից, քանի որ սկսեցինք սառել։ Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ վերադարձանք բարձր տրամադրությամբ։