Գորշասար և Պուտավոր լեռները

Այս անգամ նոյեմբերի 17-ի սառը օդային հոսանքները մեզ տարան Վայոց Ձոր։ Մի քայլով երկու գագաթի հաղթահարման ախորժակ ունեինք։ Ինչքան էլ վաղ արթնանաս, միևնույն է, ոտքդ տանից դուրս դրեցիր թե չէ, միանգամից թարմանում ես։ Ահա այսպիսի ազդեցություն ունեն ցուրտ առավոտները։
Իսկ մեր ընտրած գագաթներն էին Գորշասար (2234մ) և Պուտավոր (2260մ) լեռնագագաթները։ Պուտավոր լեռը գտնվում է Վայոց Ձորի և Արարատի մարզերի սահմանագլխին, Վարդենիսի լեռնահամակարգում։ Քայլել սկսեցինք Զանգակատնից 1կմ հեռավորության վրա գտնվող տեղանքից, իսկ արշավը պետք է ավարտեինք Ելփին գյուղում։ Ոսկյա լեռներով շրջապատված սկսեցինք քայլել, և կարճ ժամանակ անց սկսեցինք թեթևաց ել հագուստը։ Ինչքան բարձրանում էինք, այնքան ավելի պարզ էին երևում լեռներն ու կիրճերը։ Իսկ Արարատն ասես օդում կախված լիներ։ Տարածքում միայն մենք չէինք. որսորդներ էլ կային։ Մեր աղմուկին հաճախ խառնվում էին կրակոցի ձայները և մենք ակամայից լռում էինք։ Առաջին հաղթահարված գագաթը Գորշասարն էր, իսկ երկրորդը՝ Պուտավորը։ Չնայած, որ այս գագաթներն իրարից հեռու չեն, բայց Պուտավորի գագաթին ավելի լավ եղանակ էր՝ քամի չկար, և այստեղ ավելի հանգիստ նստեցինք։ Իսկ երբ Գորշասարի գագաթին էինք, որսորդներից մեկի շունը մեզ այցի եկավ և մինչև որսորդների հետ ճանապարհին խաչվելը, նա էլ քայլեց մեզ հետ։ Բրաուն, Ռուֆուս, շունիկ, ջրիկ … ում ինչ անուն դուր էր գալիս, ասում էր շանը, բայց ավելի շատ Ռուֆուս էինք ասում։ Դեպի Ելփին գյուղ քայլելիս ալոճենիներ տեսանք և իհարկե մի կուշտ վայելեցինք բնության բարիքը՝ և՛ կերանք, և՛ հավաքեցինք։ Ցավոք միայն ալոճ հավաքելով չբավարարվեցինք։ Բնության մեջ թափված պլաստիկե շշերն ու ծխախոտի տուփերը, որսորդների փամփուշտներն ու դրանց տուփերը ևս հավաքեցինք։ Ինչպես Մարիշը ճիշտ նկատեց, որսորդները բնությանը վնասում էին 2 ձևով՝ կենդանի սպանելով և աղբ թափելով։ Ինչևէ, ցավոք սովորած լինելով բնության հանդեպ որոշ մարդկանց ոչ հոգատար վերաբերմունքին, աղբը հավաքելով, չաչանակելով, հոյակերտ ժայռերով հիանալով հասանք գյուղ։
Քայլեցինք 10կմ և հաղթահարեցինք 500մ բարձրություն։