Իսկական դրախտում՝ Դժոխքի ձորում

Դժոխքի ձորը (Դժոխաձոր, Արածո կիրճ) գտնվում է Արարատի մարզի հարավ-արևելքում` Նախիջևանի սահմանի մոտ: Կիրճի խորությունը` 100-400 մ, լայնությունը` 1,5 – 80 մ: Լանջերը լերկ են, ժայռոտ և զառիթափ:

Հոկտեմբի 21-ին հենց այստեղ էինք` Դժոխքի ձորում։ Բայց մեր երթուղին սկսվելու և ավարտվելու էր Տիգրանաշեն գյուղում, քանի որ Դժոխքի ձորը երեխաների հետ  ամբուղջությամբ անցնելը անվտանգության տեսանկյունից խելամիտ չէ:

Լավ եղանակ, բարձր տրամադրություն և իհարկե հրաշք բնություն։ Երեխաների երևակայությունը սահմաններ չունի, որն այս դեպքում անվան հետ էր կապված։ Շատ հետաքրքիր է քայլելու ընթացքում ականջ դնել երեխաների խոսակցությանը։ Երեխաներն իրար մեջ խոսում էին, որ այսօր գագաթ չի լինելու, այն երեխաները, ովքեր երկրորդ անգամ էին ձորում, խոսում էին նախորդ արշավի տպավորություններից՝ նշելով, թե ինչ հաճելի է նման հիշողություններ ունենալ, մյուսները, թե ինչ կենդանիների կարող ենք հանդիպել տեղանքում։ Իսկ մեր համեմատաբար մեծ և արդեն փորձ ունեցող երեխաները դարձել են հուսալի օգնականներ, ովքեր դժվար մասերում մեր փոքրերի կողքին էին։ Դժոխքի ձորի այս երթուղին շատ լավ հնարավորություններ է տալիս ձորերով քայլելու փորձ ձեռք բերելու համար: Ձորի մի հատվածում ժայռերն այնքանմոտ են իրար, որ արևի լույսը համեմատաբար ավելի քիչ էր լուսավորում: Մի քանի անգամ անցանք գետը, քայլեցինք քարերի վրայով, մացառուտների միջով, մի ժայռային հատված կար, որը անցանք մագլցման միջոցով, իսկ ձորից դուրս գալու համար լեռան թեքություն հաղթահարեցինք: Այս թեքության վերևից շատ պատկերավոր երևում է Դժոխքի ձորի ողջ գեղեցկությունը: 5 ժամ 53 րոպեում քայլեցինք 9,91կմ:

Վստահերեն կարող եմ ասել, որ որևէ այլ ակումբում այսքան դրական լիցքեր և գույներ չկան, որքան մեզ մոտ։