Դսեղի «Ծովեր» լիճ

Դսեղի «Ծովեր» լիճը երկրաբանական բնության հուշարձան է, որը գտնվում է  Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք, Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

Ոողջ Հայաստանի տարածքում տեղումներ էին, իսկ մենք պլանավորել էինք գնալ Լոռու մարզ, ավելի կոնկրետ` Դսեղում գտնվող «Ծովեր» լճեր: Լոռվա բնությունը շատ գեղեցիկ է և այս արշավի նպատակը պարզապես հանգիստ ժամանակ անցկացնելն էր, քանի որ նախորդող մեր արշավները լեռնային վերելքներ էին, որոշները նույնիսկ բավականին բարդ և ժամանակն էր հանգստանալու: Չնայած ոչ բարենպաստ եղանակին, որոշեցինք գնալ, քանի որ լոռվա բնության մեջ հայտվելու ցանկությունն ավելի զորեղ գտնվեց:

Օդը մաքուր էր, բնությունը` հրաշք կանաչ գույնով զգեստավորված, ամպերն իջել էին ցած և մեզ առել մառախուղի մեջ: Օդի խոնավությունից թարմ էինք և առույգ, նույնիսկ դեպի լիճ տանող ճանապարհի ցեխը չէր անհանգստացնում: Ֆուտբոլ, անուն գոռոցի, քարկապ, «Սևեր և կարմիրներ», ֆրիսբի և վերջում բոլորս ցեխքոտ էինք ու երջանիկ: : Լճի վրա ամպեր էին իջնում և շատ հանգիստ հեռանում, այս տեսարանն ավելի հետաքրքիր էր դարձել «Գորտեր» երգչախմբի միահամուռ կռկռոցով: Թվում էր պետք է շտապենք հետ վերադառնալ, բայց երեխաներին շատ մեծ դժվարությամբ կարողացանք հետ բերել: Եվ իհարկե վարորդը դժգոհ էր մեր կոշիկների «մաքրությունից», բայց ինչ արած …: Ինչքան հնարավոր էր մաքրեցինք մեզ և շարժվեցինք դեպի Երևան, մեր հուշերում պահելով այդ օրվա յուրահատկությունն ու գեղեցկությունը: