Թեղենյաց լեռների ամենաբարձր կետում

Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց  լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորություններից է: Գտնվում է Կոտայքի մարզում:  Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ):

Մենք վերելքը սկսեցինք Բուժական գյուղից: 17 երեխա առավոտյան 9:30 սկսեց քայլել: Նրանք պետք է հաղթահարեին 1100մ բարձրություն և 18կմ հեռավորություն (վերելք, վերադարձ)։ Աշնանային գույներն արդեն զարդարել էին բնությունը, և այդ գույների ուղեկցությամբ անցավ մեր ճանապարհը։ Վերելքի ընթացքում ամպամած էր, ինչի շնորհիվ շատ հաճելի էր քայլելը, քանի որ չէինք շոգում։ Անտառային ճանապարհը հաղթահարելուց հետո, հասանք լեռան լերկ լանջերին։ Ինչքան վեր էինք բարձրանում, այնքան տեսարանները հեքիաթային էին դառնում։ Անտառածածկ և գունավոր լանջերը խորհրդավոր էին դառնում ամպերի արագ սահող ստվերներից։ Գագաթին քամոտ էր և երկինքն էլ պարզ էր։ Բոլորիս հաջողվեց հաղթահարել այդ օրվա մարտահրավերը՝ կամքի և ֆիզիկական ուժի, դիմացկունության շնորհիվ հաղթահարեցինք և՛ 1100մ բարձրությունը, և՛ 18կմ հեռավորությունը։

Խաղերի շնորհիվ վերադարձը շատ ուրախ և զիլ ստացվեց: Թվում էր, որ վերջում պետք է ձայն չունենայինք խոսելու համար, քանի որ մեր բոլոր խաղերը երգերի ձևով էին, բայց պարզվեց, երեխաների ձայնն էլ իրենց ուժի պես անսպառ է: