Ի՞նչ է տալիս մագլցումը

Ժայռամագլցումը ապրելակերպ է, որի դեպքում մասնակիցները մագլցում են բնական ժայռերը կամ արհեստականորեն ստեղծված ժայռապատերը։ Նպատակը լեռանգագաթին կամ նախապես սահմանված երթուղու վերջնակետին հասնելն է։ 20-րդ դարի կեսերից մագլցումը մասամբ առանձնացավ ալպինիզմից՝ որպես առանձին ճյուղ։

Ծնողների շրջանում կա խորին համոզմունք, որ երեխաների համար ամենաօգտակար մարզաձևը դա լողն է, բայց դա այդքան էլ այդպես չէ: Ավելի կոնկրետ, կա մի մարզաձև, որը կարող է մրցակցել լողի հետ. դա հենց մագլցումն է: Խնդիրը միայն նրանում է, որ մագլցումը չտեղեկացված մարդու մոտ վախ է առաջացնում: Վախ` բնազդից առաջացած և չհիմնավորված…:

Մագլցումն ամրապնդում է կենտրոնացումը և շարժումների ճկունությունը: Չնայած ընկնելու հավանականությունը մինիմալ է, ենթագիտակցության մակարդակում նման վախ միևնույն է մնում է, ինչն էլ ստիպում է լինել առավել կենտրոնացած և օգտագործել օրգանիզմի բոլոր հնարավորությունները:

Մագլցումը զարգացնում է կամային հատկանիշները: Այսպես, թե այնպես, կամային հատկանիշներ զարգացնում են գրեթե բոլոր սպորտաձևերը, որով մենք զբաղվում ենք երկար ժամանակ: Բայց մագլցման մեջ, երբ նպատակը թվում է այդքան մոտ և շոշափելի, մենք ամեն անգամ առավելագույն ուժերն ենք ներդնում, որպեսզի հասնենք նրան:

Մագլցման շնորհիվ պատասխանատվություն և ներքին հասունություն ենք ձեռք բերում: Պատկերացրեք, որ յուրաքանչյուր մագլցողի մոտ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ մագլցողը ինչ որ մի պահ զգում է, որ պարանի ապհովողը ուշադիր չէ, քեզ ուշադրություն է դարձնում ոչ այնքան, որքան դու կցանկանայիր, որպեսզի բարձրության վրա առավել հանգիստ լինես: Այսպիսի ապրումներից հետո դու ինքդ, երբ լինես պարանի ապահովման վրա, երբեք քեզ թույլ չես տա շեղվել:

Մագլցումը նաև զարգացնում է ինքնավստահությունը: Դատեք ինքներդ. արդյո՞ք անվստահ մարդը կարող է մագլցել 15 մետր բարձրություն, թեկուզ և ապահովության պարանով: Մագլցողները, ինչպես նաև լեռնագնացները ինքնավստահ մարդիկ են, մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել:

Ժայռամագլցումը շատ լավ ձևավորում է կազմվածքը և այստեղ գաղտնիքը նրանում է, որ մագլցման ժամանակ բոլոր մկաններն աշխատում են: Աղջիկների համար այն առվել յուրահատուկ մարզաձև է, որն օգնում է ունենալ լավ կազմվածք՝ չտանջվելով և չձանձրանալով մարզասարքերի վրա:

Պատկերավոր մտածողությունը և ստեղծագործական միտքը որոշիչ դեր են խաղում ժայռամագլցման մեջ։ Մագլցման տեխնիկային, հմտություններին և մագլցման գույքի օգտագործմանը տիրապետելը վճռական են մագլցման երթուղիներն ապահով անցնելու համար։

Ժայռամագլցումը ֆիզիկական և մտավոր կարողություններ պահանջող գործունեություն է, որի ժամանակ փորձության են ենթարկվում մագլցողի ուժը, հուզակամային կայունությունը, դիմացկունությունը, ճկունությունը և հավասարակշռությունը։ Մագլցումը Ճկունություն է, ուժ, կամք, մտքի և մարմնի հավասարակշռություն: