Ինչպես պատրաստվել արշավին

Յուրաքանչյուր արշավից առաջ պետք է պատրաստվել, հաշվի առնելով՝ ուր ենք գնում, քանի օրով, տարվա որ ամսին և ինչ եղանակ է կանխատեսվում: Այս կետերի հիման վրա էլ պատրաստվում ենք արշավին, չէ որ մեկօրյա արշավների պատրաստությունը տարբերվում է գիշերակացով  արշավից, ամռան արշավը՝ ձմռանից և այլն:

Նախքան արշավ գնալը, հայտնեք, թե ուր եք գնում, ում հետ և որքան ժամանակով: Սա այն հիմնական կանոնն է, որը կիրառվում է բոլոր տեսակի արշավների ժամանակ: Եթե նշված ժամկետում չվերադառնաք, Ձեզ կսկսեն փնտրել: Հիշեք այս մասին:

Արշավները պետք է կազմակերպել առավոտյան շուտ և վերադառնալ մինչև մութն ընկնելը: Մթության մեջ քայլելը ցանկալի չէ, քանի որ մարդու տեսողությունը մթության մեջ թուլանում է, ինչի արդյունքում կարող ենք շատ վտանգներ չնկատել, մեծանում է կենդանի հանդիպելու հավանականությունը: Անգամ լապտերի լույսը չի կարող համեմատվել բնական լույսի հետ:

Արշավի ժամանակ կարևոր է, թե ինչպես կհավաքեք ուսապարկը: Միևնույն ժամանակ կարևոր է, որ յուրաքանչյուր արշավային իր առավելագույնս անհրաժեշտ և հարմար լինի: Բացի դա, արշավային իրերը պետք է առավելագույնս ամուր և թեթև լինեն: Լեռնային արշավների ժամանակ պետք է վերցնել միայն անհրաժեշտ իրեր և բացառել ավելորդ իրեր տանելը:

Կոշիկի ճիշտ ընտրությունը արշավին պատրաստվելու առաջին կարևորագույն փուլերից մեկն է: Որակյալ թրեյքինգային կոշիկները վատ տարբերակ չեն: Այդպիսի կոշիկները հարմար են քարերի, խոնավ, սահող և ձյունածածկ տեղանքով քայլելու համար: Բայց կարևոր է ունենալ նաև փոխարինող կոշիկներ: Արշավի ժամանակ լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է անցնել լեռնային առուներ և գետակներ: Բացի այդ կարող է անձրև գալ կամ հարկավոր լինի անցնել ցեխոտ տեղանքով: Այդ պատճառով էլ կարևոր է հիշել, որ Ձեր կոշիկները կարող են թրջվել: Արշավի ժամանակ կարևոր է, որպեսզի հնարավոր լինի կոշիկը չորացնել մեկ գիշերվա ընթացքում, որը Ձեզ շատ հարկավոր է լինելու հաջորդ օրը: Իսկ քանի դեռ այն չորանում է, վատ չէր լինի այն փոխարինել թեթև կեդերով:

Նրանք, ովքեր մեկ անգամ չէ որ արշավ են գնացել, գիտեն, որ եղանակը լեռներում հաճախ անկանխատեսելի է: Պայծառ արևային եղանակը կարճ ժամանակի ընթացքում կարող է փոխվել քամու կամ մառախուղի: Լեռների բաց հատվածներում գրեթե միշտ ուժեղ քամի է փչում: Այդ պատճառով էլ այն հագուստը, որը լավ պաշտպանում է քամուց քիչ կարևոր չէ որակյալ կոշիկից: Ավելորդ չի լինի, եթե ուսապարկում ունենաք թեթև, չթռչվող բաճկոն (թիկնոց կամ անձրևանոց):

Գլխարկը պետք է փակի ականջները, լինի թեթև և տաք: Թաղանթավոր (մեմբրանային) գլխարկը զերծ կպահի արևային հարվածից: Այն կպաշտպանի սառը քամուց և ճիշտ կիրականացնի օդի շրջանառությունը:

Ցանկալի է ունենալ արշավային ձեռնափայտեր, որոնք մի քանի խնդիր են լուծում՝ մարմնի ծանրությունը ոչ միայն ոտքերի, այլև ձեռքերի վրա է բաշխվում, օգնում է պահպանել հավասարակշռությունը, կարող եք օգտագործել այլ նպատակներով, օրինակ՝ այն կարող է օգտագործվել վնասված ոտքը անշարժացնելիս:

Ջուրը և սնունդը պարտադիր են և դրանց քանակը պայմանավորված է, թե քանի օր է տևելու մեր արշավը: Մեկ օրյա արշավների դեպքում, հատկապես շոգ եղանակներին ջուրը 1,5 լիտրից պակաս չպետք է լինի:

Մի քանի օրով լեռնային արշավները պահանջում են ֆիզիկական պատրաստվածություն: Այդ պատճառով, եթե դուք պատրաստվում եք առաջին անգամ լեռներ գնալ, ապա խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսի երթուղի, որն ունի մեկ օրվա տևողություն և բարդ չէ (աստիճանաբար բարդացնելով այն): Երբ դուք լավ պատրաստված և վստահ կլինեք ձեր ուժերի վրա, միայն այդ դեպքում կարող եք գնալ երկար տևողությամբ արշավներ դեպի բարձր լեռնային գոտիներ:

Արշավի ժամանակ խմբում չի կարող ժողովրդավարություն լինել: Խմբում կա ուղեկցորդ-հրահանգիչ, ում ցուցումները ենթակա են կատարման խմբի բոլոր անդամների կողմից: Ուղեկցորդ-հրահանչի ցուցումները կարող են քննարկվել միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն կատարվել են:

Յուրաքանչյուրը լեռներ է գնում հաճույք ստանալու նպատակով, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ խմբում կարգապահություն է տիրում և յուրաքանչյուր մասնակից դրսևորում է ողջամիտ պահվածք: Մտածեք, արդյո՞ք արշավի խմբի մասնակիցներին դուր կգա, եթե մեկ կամ մի քանի մասնակից դուրս գան հսկողությունից և ոչ խելամիտ պահվածք դրսևորեն: Բացի դա, ոչ խելամիտ պահվածքը կարող է վտանգի տակ դնել ամբողջ խմբին: Հուսանք, որ ինչպես փոքրերը, այնպես էլ մեծերը հասկանում են այս պահանջի կարևորությունը լեռներում:

Արշավը, այսպես ասած, թիմային աշխատանք է: Դիմացինին վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ Ձեզ վերաբերվեն: Մի ստեղծեք կոնֆլիկտային իրավիճակ: Եղեք հարգալից և զուսպ, մի բարձրացրեք ձայնը, մի կոպտեք, մի ցուցադրեք Ձեր առավելությունը դիմացինի հանդեպ, եթե նույնիսկ Դուք իրապես ուժեղ եք կամ ինչ որ հարցում առավել եք: Եթե Դուք խնդիր եք տեսնում խմբի անդամներից որևէ մեկի պահվածքում, մի արտահայտվեք այդ մասին հրապարակայնորեն՝ խմբի մոտ, այլ առանձնացեք այդ մասնակցի հետ և քննարկեք ստեղծված իրավիճակը հանգիստ ձևով:

Յուրաքանչյուրն արշավ է գնում հաճելի զգացողությունների համար: Այնպես որ, հիշեք. խմբում ստեղծված հոգեբանական վիճակից և մթնոլորտից է կախված յուրաքանյուրիս տրամադրությունը և արշավից ստացած դրական զգացողությունները: Իսկ խմբում ընկերական մթնոլորտը կախված է միայն արշավի մասնակիցներից: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ լեռներ սիրում են ողջամիտ, ընկերասեր և բարի մարդիկ:

Մի մոռացեք, որ լեռները չեն սիրում կատակել և չեն ներում սխալները: Այդ պատճառով, միշտ եղեք զգույշ և ուշադիր: Լեռներում շատ են բարդ հատվածները, որը ենթադրում է նաև վտանգ, այդ պատճառով էլ նման հատվածներ պետք չէ մենակ գնալ: Ճամբարից կամ քայլելու ժամանակ խմբից մի հեռացեք, հատկապես միայնակ, իսկ եթե հեռվացել եք, ապա դա պետք է լինի այնպիսի հեռավորություն, որ լսեք խմբի անդամների ձայնը. դուք միշտ պետք է հնրավորություն ունենաք օգնության կանչել, եթե հայտնվել եք դժվար իրավիճակում:

Խարույկի շուրջ պետք է ուշադիր լինել՝ մարմնի բաց հատվածները կրակին շատ մոտ չի կարելի պահել, խարույկի մոտ խաղեր չի կարելի խաղալ: Չի կարելի տաք ջրով կամ սնունդով կաթսան դնել անցուղիներում և այնպիսի տեղերում, որտեղ կարող են դրանց վրա կանգնել կամ շուռ տալ:

Արգելվում է՝

– մոտենալ լեռների եզրագծին, հատկապես լուսանկարելուց: Քամու փոքրագույն ‹‹պոռթկումը›› կարող է հանել հավասարկշռությունից և վտանգի տակ դնել Ձեր կյանքը կամ կարող է փլուզում տեղի ունենալ,

– Ինքնագլուխ կամ առանց ապահովման ժայռեր բարձրանալ` բարձրանալն ավելի հեշտ է, քան թե իջնելը, մի վտանգեք Ձեր առողջությունը (ծառեր նույնպես):

– իջնել ժայռերի, թեք լանջրի վրայով և հոսող քարերով,

– առանց հրահանգչի լողալ ցանկացած ջրային տարածքում (լիճ, գետ և այլն),

– սնունդի մեջ օգտագործել կամ ուտել անծանոթ սունկ և հատապտուղներ, հավաքել և հոտ քաշել անծանոթ բույսերից,

– կազմակերպել խաղեր կրակի հետ և կրակի մոտ,

– հեռանալ ճամբարից կամ խմբից առանց ուղեկցորդին կամ մասնակիցներից որևէ մեկին զգուշացնելու: