Իրավիճակային խնդիրներ

Շատ կարևոր է ճիշտ ընտրել առաջին հրահանգչին, քանի որ դրանից է կախված` երեխան կսիրի լեռնագնացությունը և մագլցումը, թե` ոչ: Մեզ մոտ առաջին դասն անցկացնում է Սուրեն Դանիելյանը, ով իր մանկավարժական և մասնագիտական ունակություններով, երեխաների մեջ սեր է արթնացնում դեպի լեռնագնացությունը: Դասերը սկսվում են իրավիճակային խնդիրներով, որի առաջնային նպատակը երեխաներին թիմային դարձնելն է, քանի որ տրված իրավիճակից դուրս գալու ճիշտ տարբերակը երեխաները որոշում են միասին: Այս ձևով ակամայից երեխաները սկսում են հենց առաջին դասից շփվել միմյանց հետ և քանի որ սխալ պատասխանի դեպքում դասը կավարտվի, ամեն մանրուք քննարկում և գտնում են ճիշտ տարբերակ: Դաս-խաղի ձևով տրված իրավիճակային խնդիրների նկարագրերից երեխաները նախնական պատկերացում են կազմում բնության, կենդանիների, վտանգների և խելամիտ որոշումների վերաբերյալ: Նրանց ներկայացվում են բարդ իրավիճակներ, որոնք առաջացել են անտառում արջ հանդիպելիս, սառած լճի մեջ ընկլեցուց, օձերով լի տեղանքում հայտնվելիս, հրդեհվող անտառում, ցրտահարվելիս և շատ այլ պատճառներով: Այս խնդիրների լուծման արդյունքում հասկանում ենք, թե ինչ դժվարություններ կարող են առաջանալ և ինչպես կարելի դրանցից դուրս գալ: