Լիճ Եղնալիճ

Այս անգամ ուղևորվեցինք բացահայտելու մի վայր, որի մասին շատ քիչ տեղեկություններ էին առկա համացանցում և ընդհանրապես։ Նույնիսկ կարելի է թույլ տալ պնդել, որ մենք առաջին մեծ խումբն էինք այստեղ։

Իսկ այդ վայրը Արագած լեռան հյուսիս-արևելյան փեշերին թաքնված Եղնալիճ լիճն էր։ Առավատյան մեր 21 փոքրիկ Կոլումբոսներից բաղկացած խումբը հասավ Նիգավան գյուղ, որտեղից էլ սկսեցինք քայլել։ Մեկը մյուսից գեղեցիկ, բազմազան ծաղիկները զարդարել էին դաշտերն ու լեռան լանջերը։ Սկզբում շոգ էր, որն աստիճանաբար փոխվեց։ Երկնքում սահելով հայտնվեցին մթնած ամպրոպաբեր ամպեր, որոնք ստիպեցին մտածել հետ վերադարձի մասին։ Բայց լեռնային բնությունը այլ ծրագրեր ուներ, և մեր առջև հայտնվեց քարե շինություն, որտեղ հնարավորություն ստացանք սպասել ամպրոպաբեր ամպերի հեռանալուն և հետո շարունակեցինք ճանապարհը։ Ինչքան խորանում էինք լեռների մեջ, այնքան բնությունը փոխվում էր։ Աջ կողմում Նիգասար և Քարուտ լեռներն էին, իսկ առջևում անմատչելի Հյուսիսային գագաթի հյուսիսային կողմն էր։ Հենց այս հսկաների հսկողության ներքո էլ 11կմ քայլելուց հետո հասանք Եղնալիճ. պարզ, շա՜տ պարզ լիճ։ Իսկ լճի հետևում լեռներ էին, որոնք և՛ կանաչ էին, և՛ ճերմակ, և՛ մոխրագույն՝ խոտի, ձյան և քարերի համադրություն։ Ափին մնացինք 30 րոպե և բռնեցինք հետ վերադարձի ճանապարհը։
Նիգավան գյուղում մեզ էին սպասում և երբ հասանք գյուղ զովացանք և թարմացանք տնական թանի հյուրասիրությունից։

Եվ արդյունքում հաղթահարեցինք 1001մ մետր բարձրություն՝ հասնելով 3000մ բարձրության վրա գտնվող Եղնալճին։