Ծաղկաշատ վերելք Վայոցսար լեռ

Վայոցսար լեռը գտնվում է Վայոց Ձորի մարզում, ունի 2581մ բարձրություն: Այն ունի հատած կոնի տեսք և 125մ խորությամբ խառնարան: Լեռնային դաշտի վրա առանձնացած լինելով` շատ վեհ տեսք ունի: Գերվելով լեռան գեղեցկությամբ, որոշեցինք վերելք իրականացնել: Սկսեցինք քայլել Հերհեր գյուղից: Վայոցսար լեռան լանջերը հիմնականում կտրուկ են, սակայն մենք վերելքն իրականացրեցինք ամենահարմար և անվտանգ ճանապարհով, որը իհարկե փոքր-ինչ երկար էր: Լեռնային դաշտը ծածկված էր գույնզգույն ծաղիկներով, կարծես հեքիաթում լինեինք: Արևը դժվարացնում էր քայլելը, քանի որ շոգին այդքան էլ հեշտ չէ վերելք իրականացնել: Ինչպես միշտ բոլորիս մոտ շատ ջուր կար և միայն վերադարձի ճանապարհին այն վերջացավ, որն այդքան էլ մեծ խնդիր չէր, քանի որ արդեն գյուղին մոտ էինք: Գագաթին օդը շատ հաճելի էր` ոչ ցուրտ էր, ոչ էլ շոգ: Խառնարանը շատ խորն էր, ասես մինչև լեռան ստորոտի խորության լիներ: Սա մեր տեսած ամենախորը խառնարանն էր:

Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել. «Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր»»:Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը: Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր: