Կողմնորոշում

Կողմնորոշման հմտությունների շնորհիվ մենք կարող ենք ճիշտ վարքագիծ դրսևորել, երբ մոլորվենք կամ այլ արտակարգ իրավիճակում հայտնվենք: Ինչպե՞ս օգտագործել ջուրը և մեզ մոտ մնացած սնունդը, ինչու՞ է անհրաժեշտ ուսումնասիրել տեղանքը, որտե՞ղ է հարկավոր ճամբար կազմակերպել, որպես ի՞նչ կարող է օգտագործվել պարանը և շատ այլ հնարքներ, որոնք կօգնեն մեզ դրական ելք գտնել նման իրավիճակներից: Քանի որ լեռները սխալներ չեն ներում, պետք է պատրաստ լինել հնարավոր դժվարություններին, որպեսզի կարողանալ խուսափել դրանցից, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում՝ ապահովել  անվտանգությունը:

Մեր դասերի հիմքում դրված են հենց անվտանգության վերաբերյալ գիտելիքները: Տարածության մեջ կողմնորոշումը անվտանգության ապահովման հիմնական տարրերից է, որին էլ անդրադառնում ենք մեր դասերի շրջանակում: Ծառերի, աստղերի, ձյան, լեռան լանջերի, մամուռի միջոցով հյուսիսն ու հարավը գտնելուց հետո, սկսում ենք ծանոթանալ կողմնացույցի կառուցվածքին, այնուհետև սովորում, թե ինչպես կարող ենք կողմնացույցի միջոցով հորիզոնի կողմերը գտնել: Նաև սովորում ենք, թե ինչպես կարող ենք որոշել ազիմուտը:

Քարտեզ` տարածքի փոքրացված ընդհանրացված պատկեր, որին բնորոշ է յուրահատուկ մասշտաբ, պրոյեկցիա և պայմանական նշաններ։ Լեռնագնացի համար շատ կարևոր է քարտեզի վերաբերյալ գիտելիքներ ունենալ, ինչի նպատակով էլ մեր ակումբի երեխաների հետ նաև քարտեզ ենք սովորում: Քարտեզի, կողմնացույցի, ազիմուտի և կողմնորոշման վերաբերյալ տեսական դասերից հետո, այդ գիտելիքները կիրառում ենք նաև գործնականում, որի նպատակով էլ դասն անում ենք բնության գրկում: Երեխաներին հայտնում ենք նշանակետերի գտնվելու վայրի աստիճանը և թե քանի քայլ հեռավորության վրա են դրանք գտնվում, իսկ երեխաները կողմնացույցի օգնությամբ գտնում են դրանք: Այս գործնական դասի օգնությամբ ամրապնդում ենք երեք օրվա տեսական դասերի ժամանակ ստացած գիտելիքները: Անվտանգությունը կարևորագույնն է, որը պետք է ապահովել վերելքների և քայլարշավների ժամանակ: