Հայկական բանակն ու մեր հաղթական վերելքը Արտանիշ լեռ

Արտանիշ լեռը գտնվում է Արտանիշ թերակղզու վրա, ունի 2461մ բարձրություն, իսկ Արտանիշ թերակղզին գտնվում է  Սևանա լճի հյուսիսային ափին՝ Արտանիշի և Շորժայի  ծոցերի միջև: Արտանիշ լեռան վերելքն իրականացրեցինք հունվարի 28-ին, այն նվիրելով Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին: Հենց սկզբից սկսեցինք քայլել ձյան մեջ: Դեռ հարյուր մետր էինք բարձրացել, երբ աստիճանաբար սկսեց գեղեցիկ տեսարան բացվել:  Ամբողջ վերելքի ընթացքում արևը մեղմորեն ժպտում էր, իսկ թեթև և սառը քամին հիշեցնում էին, որ ձմեռ է: Քայլում էինք շարքով, տեղ-տեղ վերելքը կտրուկ էր, այնպես որ ուշադիր էինք միմյանց հանդեպ և զգույշ: Երեխաներն անհամբեր էին, քանի որ ուզում էին տեսնել գագաթից բացվող գեղեցիկ տեսարանը: Հասանք գագաթ. Սևանա լիճը փայլում էր արևից, իսկ լճի հետևից` ամբողջությամբ սպիտակի մեջ շարվել էին Գեղամա կոները, երկինքը կապույտ էր, օդը` պարզ: Գագաթից շատ լավ երևում էին Մեծ և Փոքր Սևանների հատման հատվածը: Գագաթին երկար չմնացինք և սկսեցինք ցած իջնել դեպի Սևանա լիճը:

Արտանիշ լեռան ձմեռային վերելքը բարդ չէ երեխաների համար: Չնայած մի փոքր երկար քայլեցինք, սակայն երթուղին մշակվել էր ամենաթեթև և անվտանգ տարբերակով` լանջերը կտրուկ չէին, և վերելքն աստիճանական էր:

Առավելագույն բարձրություն- 2461մ

Նվազագույն բարձրություն-1919մ

Ընդհանուր վերելք- 486մ

Ընդհանուր վայրէջք- 542մ

Երկարություն- 7,38կմ (3,55կմ վերելք, 3,88կմ վայրէջք)

Տևողությունը- 5 ժամ 29 րոպե:

Ժամանակաշրջանը- 28 հունվարի 2018թ.

Ձյան առկայությունը- 1975-ից, միջինը 10սմ խորությամբ: