Ձյան հետ կռիվ Արփայի կիրճում

Այս անգամ ճանապարհը մեզ տարավ դեպի Արփայի կիրճ։ Սկսեցինք քայլել Գնդեվազ գյուղից։ Գյուղը Արփա կիրճի վերևում է տեղակայված։ Կիրճ իջնելու համար անցանք մի քանի տների մոտով, որոնցից ծուխ էր բարձրանում և հուշում, որ առավոտյան գործի դրված վառարանն արդեն ջերմացնում է տունը։ Ոլոր-մոլոր ճանապարհով սկսեցինք իջնել։ Այն լանջը, որով իջնում էինք, ձյուն էր, սակայն ինչքան իջնում էինք՝ ձյունը քչանում էր։ Առաջին կանգառը Գնդեվանքում էր։ Վանքում պտտվելուց հետո մեզ հետ խոսեց վանական Գրիգորը, ով պատմեց վանքի և իրենց՝ տաս վանականների պատմությունը։ Սա առաջին անգամ էր, որ վանքում ապրող վանական էինք տեսնում։ Նախքան կլքեինք վանքի տարածքը՝ հնչեցին զանգերը, տեղանքը լցնելով խորհրդավոր հնչյուններով։ Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափին։

Զրույցից հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Արփա գետն աշխուժորեն աղմկում էր և այն կրկնապատկվում էր վեր հառնող ժայռերի մեջ։ Վարար հոսքը փրփրացրել էր գետը և ժայռերին կամ քարերին բախվելիս վեր էր ցայտում և փոխում ուղությունը։ Երբ կիրճում սկսեցինք քայլել, այլևս ձյուն չկար և կարծում էինք, այսպես հեշտ և հանգիստ կհասնենք Կեչուտի ջրամբար։ Բայց …

Մոտ 3կմ քայլելուց հետո ձյունը դիմավորեց մեզ և անբաժան ուղեկից դարձավ։ Անխոս, կիրճը ձյան թեթև ձեռքով ավելի գեղեցիկ էր։ Բացի այդ, ձյան շնորհիվ քարայծերի կամ եղնիկների թարմ հետքեր տեսանք և պատկերացրեցինք, թե ինչպես են մեր ներկայությունից վախեցած վեր խոյացել։ Ցավոք տեսանք նաև հոշոտված քարայծի կոտոշներ ((։ Մոտ 4կմ էլ քայլեցինք միջին բարձրության ձյան մեջ, որից հետո ձյունն այնքնան խորն էր, որ ակտիվ զրույցները հետ նահանջեցին և տեղը զիջեցին կենտրոնացած դեմքերին։ Երեխաները ուշադիր էին քայլում, այնպես, որ ոտքը դնեն դիմացինի արդեն իսկ տրորված հետքի վրա ))։ Երբեմն օդի հետ պտտվելելով ձյուն էր իջնում։ Առջևից և հետևից ժայռերն այնպես էին սեղմվել իրար, որ թվում էր ճանապարհ չկա, բայց քարաթափումից դժվարանցանելի ճանապարհը տանում էր դեպի Կեչուտի ջրամբար։ Երբ արդեն մոտ էինք Կեչուտի ջրամբարին և սկսեցինք քայլել առանց ձյան մեջ խրվելու, երեխաները ասում էին՝ ի՜նչ անսովոր է։ Կեչուտի ջրամբարն իսկական սառցադաշտ էր դարձել, դժվար էր պատկերացնել, որ այդ հսկա սպիտակ դաշտն իրոք ջրամբար է։ Այնտեղ մեզ դիմավորեց մի բարի Արջուկ անունով շուն (անունը մենք տեղում որոշեցինք)։
Քայլեցինք 10 կմ, որից 7-ը ձյան միջով՝ 3-ը խրվելով։ Իսկական փորձություն էր, որը երեխաները հաղթահարեցին։