Մարիամ լեռ

Նոյեմբերի 22-ի ուղությունը Մարիամ լեռն էր, որը գտնվում է Կոտայքի մարզում, ունի 2499մ բարձրություն։ Վերելքը սկսեցինք Աղավնաձոր գյուղից։ Առավոտյան լավ ցուրտ էր՝ -2, բայց մեկ ժամ հետո, քայլելու և արևի շնորհիվ, սկսեցինք տաքանալ, նույնիսկ՝ շոգել։ Ճանապարհն անցնում էր անտառի միջով, որը ծածկված էր ձյան թարմ, բարակ շերտով։ Երեխաների շատախոսության, ուրախ ձայների պատճառով հնարավորություն չունենք հանդիպել անտառի բնակիչներին, բայց ձյան վրայի հետքերը՝ աղվեսի և նապաստակի, հուշում էին, որ նրանք մոտակայքում են։ Մենք՝ մեծերս, չենք էլ կարող պատկերացնել, որ այդքան քիչ ձյան պայմաններում հնարավոր է ձնագնդիկ պատրաստել, ավելին՝ խաղալ։ Բայց ամենակարող երեխաները իրենց մտադրությունները միշտ իրագործում են։ Գագաթ հասանք, հանգստացանք, խաղեր խաղացինք և սկսեցինք հետ իջնել։ Սառը քամու պատճառով գագաթին երկար չմնացինք։ Վերադարձին ձյունը հալել էր, իսկ անտառի միջով անցնող ճանապարհի մի հատվածի հալած ձյունը սառույց էր դարձել, ստիպելով ուշադիր լինել։
Քայլեցինք 11կմ, հաղթահարեցինք 750մ բարձրություն։