Մաքուր Հայաստան: Աղբահավաք Գառնու ձորում

Երկրի առանձին շրջաններում բնական միջավայրի անշրջելի փոփոխությունների վտանգը ավելի է ընդարձակվել մարդու տնտեսական գուծունեության մասշտաբների հետ մեկտեղ։ Հայաստանն էլ անմասն չէ այս բացասական ազդեցությունից և շատ ցավալի է, երբ բացի տնտեսական ազդեցությունից նաև մարդու ամենօրյա գործունեության արդյունքում է վնաս պատճառվում շրջակա միջավայրին, օրինակ աղբը սահմանված տեղում չթափելով:

11.03.2018թ.-ին մեր ակումբը Գառնու ձորում էր՝ աղբահանություն իրականացնելու նպատակով։ 6-14 տարեկան երեխաները զինվել էին ձեռնոցներով և աղբի տոպրակներով ու անցել գործի։ Աղբի բազմազանությանը սահման չկար, իհարկ է շատ բարդ էր երեխաներին բացատրել, թե ինչու են մարդիկ այսպես վարվում, բայց փորձեցինք դա անել առանց կոշտ բառերի՝ չնայած դրանք մեր լեզվին էին անընդհատ։

Ցավոք մեր պարկերը չբավականացրեցին, որպեսզի էլ ավելի շատ աղբ հավաքեինք, և սահմանափակվեցինք 35 պարկ աղբով և այդ 35 աղբն էլ առանց տրտնջալու ձորից դուրս հանեցին։ Տեսնել էր պետք։

Հենց այս ձորում է գտնվում բնական հուշարձան Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոն»-ը: Բազալտե երգեհոն Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով: Զարմանալի է, որ մարդիկ այցելեով այս գեղեցիկ վայրը վայելում են բնությությունը, բայց հոգատար վերաբերմունք չեն ցուցաբերում, ասես միայն բնությունը պարտավորություն ունի հաճոյացնել մարդկանց: Հենց այս հարցի շուրջ զրուցեցինք աղբահանության ընթացքում և բացատրեցինք երեխաներին, որ չի կարելի աղբ նետել բնության մեջ մեջ:

Այս մեր փոքր քայլը մի քանի խնդիր լուծեց՝ երեխաների մոտ միանշանակ ամրացավ բնությունը և առհասարակ շրջակա միջավայրը չաղտոտելու մտածելակերպը, երեխաները աղբահանեցին բնությունը և մաքուր բնության մեջ լավ օր անցկացրեցին։
Շատ շնորհակալ ենք երեխաներից, որ իրենց փոքրիկ ձեռքերով ահռելի աղբ հավաքեցին, որի թափողը երբեք չեն լինի։