Պահմտոցի Մեծ Լճասար լեռան գագաթին

Մեծ լճասար լեռը գտնվում է Գեղամա լեռների հյուսիսում, ունի 2393մ բարձրություն: Երբ մեքենայով մոտենում էինք լեռանը, երեխաները սկսեցին դժգոհություն հայտնել, որ սա իրենց համար շատ ցածր և հեշտ լեռ է: Բայց երբ սկսեցինք քայլել, նորից սկսեցին հարցնել` շա՞տ կա: Վերելքի համար ընտրեցինք քիչ թեքություն ունեցող լանջը և շատ հանգիստ սկսեցինք բարձրանալ: Հանգստանալով, բնությունը վայելելով բարձրացանք գագաթ: Լեռան գագաթը բավականին ընդարձակ է, որտեղից երևում են Սևանա լիճը, Արեգունի լեռները և իհարկե Գեղամա լեռները: Գագաթին թեթև քամի էր: Կզարմանաք, բայց երեխաները գագաթին պահմտոցի խաղացին: Մեկ ժամ գագաթին մնալուց հետո սկսեցինք ցած իջանք: Մեքենայի մեջ էլ երեխաները դեռ նույն ոգևորության մեջ էին, որևէ հոգնածության նշան նրանց դեմքին չկար: