Պարզ լճից դեպի Գոշավանք

Ամառային արձակուրդներին ձանձրանալու ժամանակ չունենք, քանի որ մեզ միշտ նոր ու հետաքրքրիր ուղևորություններ են սպասվում: Այս անգամ էլ Պարզ լճից անտառային արահետով քայլեցինք դեպի Գոշավանք: Երթուղու երկարությունը 7.4 կմ էր: Անտառային քայլարշավը ավելի հեշտ է, քան լեռներ բարձրանալը, այնպես որ հույս ունեինք խաղ կազմակերպելու համար էլ ժամանակ հատկացնել: Սկզբում վայելեցինք խիտ անտառով շրջապատված Պարզ լճի գեղեցկությունը, որից հետո սկսեցինք քայլել անտառային շատ գեղեցիկ ճանապարհով: Դասերի ժամանակ անցել էինք, որ անտառներում մեծ խմբերով ճամփորդելիս գիշատիչ կենդանիներ չենք տեսնի, իսկ այ միջատներ շատ կլինեն: Այդպես էլ եղավ, ոչ մի գիշատիչ կենդանի չտեսանք, սակայն երեխաները շատ էին ուզում և ամեն ծառի խորը փչակ նմանեցնում էին արջի որջի: Ճանապարհի ուղիղ կեսին` մի շատ հարմար տեղ, հաց կերանք, հանգստացանք ու պահմտոցի խաղացինք, որից հետո շարունակեցինք ճանապարհը շատ հետաքրքիր զրույցներով և մայրիկների համար ծաղկիկներ հավաքելով: Երբ երեխաները տեսան Գոշավանքի գմբեթը, բավականին ուրախացան, քանի որ դա նշանակում էր, որ վերջապես հասել ենք երթուղու վերջին: