Պուճուրսար լեռնագագաթով դեպի Ուրծ լեռնագագաթ

Ուրծ լեռը հանդիսանում է Ուրծի լեռների ամենաբարձր կետը՝ 2446 մ: Գտնվում է Լանջառ գյուղից 5 կմ հարավ-արևմուտք: Հաճախ Ուրծ լեռան անվանումը շփոթում են ուրց խոտաբույսի անվանվան հետ և լեռանն անվանում Ուրցի լեռներ: Սակայն Ուրծ անվանումը եկել է պատմական Այրարատ նահանգի Ուրծ գավառի անվանումից:

Ուրծի վերելքն այդքան էլ հեշտ չէր: Գագաթ հասնելու համար պետք է քայլեինք 4 կմ և սպասվում էին կտրուկ վերելքներ: Երեխաներ չգիտեին, որ Ուրծ հասնելու համար պետք է անցնեինք Պուճուրսար լեռան գագաթով (2016մ) և այդ մասին իմացան միայն վերադարձի ճանապարհին, երբ այդ օրը երկրորդ անգամ եղանք նույն գագաթին: Համառության և կամքի շնորհիվ հասանք գագաթ: Ամբողջ ճանապարհին քամի էր, իսկ գագաթում քամի չկար: Ասես բնությունն ասում էր մի շտապեք, հիացեք Արարատյան դաշտով և նրա վրա փռված Արարատով:

Ուրծ լեռնագագաթից բացվող տեսարաններն այնքան ազդեցիկ և գեղեցիկ էին, որ արտահայտվեցին երգի ու պարի ձևով։ Մեր ակումբի ծնողներն ու ընկերը, ինչպես իրենք ասեցին՝ 4 Peaks տրիոն, հայկական երգեր կատարեցին, հետո բոլորով «Թամզարա» պարեցինք: Հայրենիքը ճանաչելու և սիրելու համար պետք է ճամփորդել Հայաստանում, երգել մեր երգերն ու պարել ազգային պարեր։ Հայը հենց այսպես է, որ հայ կմնա: Կիրակի օրը մենք երեքն էլ արեցինք ու չնայած քամիներին, նույն հայրենասիրական և աշխույժ ոգով վերադարձանք տուն։