Սառցապա՞տ, չէ, չենք տեսել

Հունիսի 13-ը բարդ որոշումներով էր հագեցած։ Արդեն Հաղարծին գյուղում պարզ էր, որ հայտնվելու ենք խիտ ամպերի մեջ, որին այդ պահից ասելու ենք մառախուղ և այստեղ էր, որ պետք էր որոշել՝ գնա՞լ, թե փոխել ուղղությունը։ Իսկ մենք որոշել էինք բարձրանալ Սառցապատ, իջնել Դիմաց լեռ (որն իրականում ամենևին էլ լեռ չէ), տեսնել Շաղոտ ջրվեժը. էստեղ են ասել՝ թան էլ չէ՝ թթու մածուն։ Ամեն դեպքում նստեցինք ԶԻԼ-երը, այն հույսով և մտադրությամբ, որ եթե ամպերը չզիջեն, միայն Շաղոտ ջրվեժով կբավարարվենք։ Հաճախ ամպերը խաղ են բռնում, և հնարավոր էր, որ վերևներում ամպերը ստատիկ չլինեին, և կարողանայինք մեր ծրագիրն իրագործել։ Թեղուտ գյուղի բնակիչներին և բակերում կապված շներին հատ-հատ ողջունելով հայտնվեցինք սարերի լանջերին։ Մառախուղի մեջ ամեն բան դառնում է խորհրդավոր, թեթև թեքությունները կրկնակի չափ են ստանում, մառախուղի մեջ երևացող կենդանիները դառնում են հեքիաթային։ Զիլ֊արշավը շատ է դուր գալիս երեխաներին, հատկապես, երբ արգելակման պատճառով կորցնում են հավասարկշռությունը։ Ինչքան բարձրանում էինք, այնքան մառախուղը խտանում էր։

Իջանք և երեխաներին տեղեկացրեցինք, որ միայն ջրվեժն ենք գնալու։ Բայց նույնիսկ ջրվեժին չհասանք։ Դեպի ջրվեժ տանող գետի հունի կեսից հաջորդ բարդ որոշման պահն էր՝ շարունակե՞լ ճանապարհը թաց խոտերի միջով, որի պատճառով երեխաները սայթաքում էին, և դա էլ քիչ էր՝ անձրև էր գալիս ու կտրվում։ Հաղթեց ողջախոհությունը, որոշեցինք հետ իջնել։

Դեպի ջրվեժ տանող կիրճի միջից դուրս գալուց հետո շատ կարճ ակնթարթ մառախուղը կորցրեց իր խտությունը և կարողացանք հեռվից տեսնել ջրվեժն ու վեր խոյացող ժայռերը, որի ճեղքից Շաղոտը գահավիժում էր ցած։

Կանաչն այդ օրը ֆանտաստիկ գեղեցիկ էր, իսկ երբ մառախուղի քողի տակից դուրս էին գալիս ձիերը, մենք հայտնվում էինք այլ իրականության մեջ, ուր ամեն ինչ ներդաշնակ էր և խաղաղ։

Հասանք Հաղարծին գյուղ, տեղավորվեցինք մեքենաների մեջ ու երկինքը պայթեց՝ սկսեց հորդառատ անձրև գալ։

Այլ արշավական ակումբ ևս այդ օրը Սառցապատ պետք է բարձրանար։ Հաջորդ օրը նրանցից տեղեկացանք, որ թեև գագաթ էին հասել, բայց՝ ամբողջ ընթացքում մառախուղի մեջ, հետո նաև կարկուտի և անձրևի։

Ամեն ինչից պետք է օգուտ քաղել՝ գործնականում երեխաները համոզվեցին բնական արգելքների՝ մառախուղի ժամանակ և խոնավ քարերի ու խոտի վրա քայլելու դժվարությունների հարցում։

Այդ օրը մեր 82 հոգանոց խումբը (4 ուղեկցորդ, 10 ծնող և 68 երեխա) քայլեց ընդամենը 5կմ։