Վերելք Արագածի Հարավային և Արևմտյան գագաթներ

Արագած լեռը, հրաբխային քառագագաթ լեռ է, տեղակայված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն, իսկ մյուս գագաթները՝ Արևմտյանը 3995,3 մ, Արևելյանը 3908,2 մ, Հարավայինը` 3887,8 մ:Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասախ գետերի միջև։

Մարդն իր կյանքի ընթացքում ձգտում է առաջ գնալ, զարգանալ, կրթվել, լինել ուժեղ և կայացած։ Այս շարքը կարելի է երկար թվել։ Մենք էլ չենք ցանկանում տեղում դոփել և տարեցտարի բարդացնում ենք մեր առջև դրված նպատակները, ձգտելով ավելի բարձրին և դժվար հասանելիին, միևնույն ժամանակ չմոռանալով անվտանգության, գրագետ մոտեցման, խելամտության և ֆիզիկական պատրաստվածության մասին։ Հերթական ձգտումներից էր մեկ օրում Արագածի Հարավային և Արևմտյան գագաթները բարձրանալը, որին իրագործեցինք 08․08․2020թ․-ին։ Եթե նպատակադրվել ենք բարձրանալ Արագածի Արևմտյան գագաթ, որն ունի 3995մ բարձրություն, ուրեմն պետք է դրան հասնել ճիշտ քայլերով՝ անցնելով կլիմայավարժում։ Մեկ օրում Արագածի 2 գագաթ հաղթահարելն այնքան էլ հեշտ չէ, այն էլ երեխաների համար։ Այն իրականություն դարձնելու համար անցանք մեկամսյա կլիմայավարժում՝ բարձրանալով մի քանի 3000մ-ից բարձր գագաթներ՝ Թեժ լեռ, Թրասար, Ծղուկ, Ուղտասար, 2 գիշեր անցկացրեցինք 3300մ բարձրության վրա, ինչը մեծ դրական ազդեցություն ունեցավ, որպեսզի 24 երեխա կարողանա հասնել Արագածի Հարավային գագաթ, իսկ վերը թվարկված բոլոր գագաթները հաղթահարած երեխաներից 13 հոգի, ճանապարհը շարունակեցին դեպի Արևմտյան գագաթ։ Նրանց շարքում էր նաև մեր ակումբի ամենափոքր մասնակից Լեոնը, ով 6 տարեկան էր։ Մյուս 11 հոգին պրոֆեսիոնաների ուղեցությամբ հետ իջան Քարի լճի մոտ։

Երեխաներին հաջողվեց հաղթահարել նաև Արևմտյան գագաթի զառիթափ լանջերը, հոսող քարերն ու բարձրությունը։

Բարեբախտաբար եղանակն էլ բարենպաստ էր և առանց եղանակային արկածների՝ կարողացանք բարձրանալ Արագածի Հարավային և Արևմտյան գագաթները։ Երկու գագաթների վերելքի արդյունքում քայլեցինք 13կմ և հաղթահարեցինք 1000մ բարձրություն, դեռևս հասնելով մեր ակումբի ամենաբարձր կետին՝ 3995մ բարձրության։