Վերելք Արամազդ լեռ

«Իմ անունը պայքար է, իմ վերջը՝ հաղթանակը»․Գ․ Նժդեհ

Եկավ երկար սպասված ճամփորդության օրը։ Նախորդ տարվա սպասվածը Խուստուփ լեռան վերելքն էր, իսկ այս տարի՝ Արամազդ լեռան։ Երբ մեր ավագ արշավական ընկերների հետ կիսվում էինք Արամազդ բարձրանալու մտադրության մասին, ոմանք զարմանում էին, ոմանք թերահավատորեն նայում, ոմանք էլ ասում՝ ուաու՜։ Ինչ խոսք, վստահություն ունեինք, որ երեխաների ուժն ու կամքը կբավարարի հասնել գագաթ, եթե եղանակը հնարավորություն տա։ Հուլիսի 5-ի առավոտյան ժամը 6-ին, գույք-հանդերձանքը տեղավորեցինք մեքենաների մեջ և ուղևորվեցինք Սյունիքի մարզ։ Չնայած ճանապարհի երկարությանը բարձր տրամադրությամբ, երգելով, չաչանակելով և խաղեր խաղալով հասանք Սվարանց գյուղ, թարմացրեցինք ջրի պաշարն ու շարունակեցինք ճանապարհը։ Ինչքան հեռանում էինք գյուղից, այնքան բնությունն ավելի վայրի էր դառնում։ Կանաչ թիկնոցներ հագած աջից և ձախից հսկա լեռնաշղթաներն էին ուղեկցում մեզ, մեղուներն ակտիվ աշխատանքի մեջ էին, թիթեռներն ինչ որ տեղ էին շտապում, գույնզգույն ծաղիկներն էլ ձգել էին գլխիկները, որ տեսնեն, ովքեր են անցնում և խանգարում իրենց բնական օրը։
Ճանապարհը գնալով դժվար տեսանելի էր դառնում բարձր խոտածածկի պատճառով, ինչն էլ հուշեց, որ ժամանակն է հարմար տեղ փնտրել ճամբարի համար։ Ժամը 15։00 մոտակայքում 2149մ բարձրության վրա արդեն կառուցել էինք մեր վրանային բնակատեղին։ Արամազդն անմիջապես դիմացներս էր։ Ճաշից հետո անցանք խաղերին, սակայն բանը խարույկին չհասավ, քանի որ երբ սկսեց մթնել, մենք գնացինք քնելու, որովհետև այդ օրն իսկ վաղ էինք արթնացել, երկար ճանապարհ անցել և հաջորդ օրն էլ պետք է վաղ արթնանայինք, կրկին երկար ճանապարհ անցնեինք, բայց արդեն ոտքով։ Ժամը 21։30-ին ճամբարը ննջում էր։
Առավոտյան 5։5 ճամբարն արթուն էր։ Արևը դուրս էր գալիս լանջի հետևից, իսկ երբ արդեն ամբողությամբ տեսանելի էր, լեռների զմրուխտ կանաչ թիկնոցները ողողվեցին ոսկեգույնով։
Մեր քայլերը հանգիստ ռիթմ էին նվագում, որոնք համապատասխանում էին նոր արթնացող բնությանը։ 2,5 ժամ համեմատաբար թեթև ճանապարհից հետո սկսեցինք քայլել կտրուկ թեքությամբ և տեղ-տեղ ժայռոտ լանջերով։ Երկինքը պարզ էր, որոշ թեքությունների վրա քամի էր, որոշ մասերում՝ շոգ։ Մեր բարձրությանը հավասար արծիվ էր ճախրում, այնքնան մոտ էր, որ կարելի էր հաշվել թևերի փետուրները։ Եթե սկզբում 1,5 ժամ քայլելուց հետո էինք հանգստանում, ապա թեք լանջերի վրա՝ հերթական թեք լանջը հաղթահարելուց հետո։ Երբ սկսեցին երևալ Զանգեզուրի լեռները, ասես նոր ուժ ստացանք։ Երեխաները նույնիսկ ասացին, որ կուզեն այնտեղ էլ լեռ բարձրանալ։ Ոմանք հեշտությամբ, ոմանք դժվարությամբ անցան Արամազդի թեք լանջերի դժվարությունը և հաղթահարեցին լեռան բարձրությունը։ Հուլիսի 6-ին, 7 ժամ 43 րոպե վերելքից հետո մենք գագաթին էինք։ 11 երեխա՝ երեխաներ, ովքեր հզոր են, փառահեղ, ուժեղ և՛ կամքով, և՛ ֆիզիկապես։ Երեխաներ, ովքեր գագաթը տեսնելու անհամբերությամբ միլիարդ անգամ հարցնում էին՝ որն է գագաթը, բայց համբերատարությամբ հասան գագաթ։ Մեր թիմի ամենափոքրը 8 տարեկան Բեկն էր, մեծը՝ 16 տարեկան Էվելինան (12 տարեկանից մեր ակումբի անդամ է)։ Երջանիկ մեր հաղթանակով, բառիս բուն իմաստով, փռվեցինք գագաթին։ Իսկ այս վերելքն իրոք պայքար էր, որն ավարտեցինք հաղթանակով (ովքեր եղել են Արամազդում, նրանք կհաստատեն)։ Ժամը 15։00-ին սկսեցինք հետ իջնել և 19։39-ին արդեն վրանների մոտ էինք։ Կմտածեք՝ հասաք ու միանգամից քնեցիք, իսկ մենք կասենք, որ սխալվում եք։ Հասանք և երեխաների մի մասը սկսեց ֆրիսբի խաղալ, մյուս մասը խարույկի շուրջ հավաքվել։ Խաղերից, երգերից, ֆլեյտայի կատարումներից հետո միայն գնացինք քնելու։
Հաջորդ առավոտյան՝ հուլսիս 7-ին Արամազդը գրեթե մինչև ստորոտ ամպերի մեջ էր։ Կզարմանա՞ք, եթե ասեմ, որ այս օրն էլ արշավ ունեինք։ Դե զարմացեք. ճամբարը հավաքելուց հետո գնացինք Տաթևի վանք, որտեղից էլ ոտքով քայլարշավ արեցինք Տաթևի մեծ անապատ և դուրս եկանք Սատանի կամուրջի վրա։ Որոտանի կիրճը գեղեցիկ էր, ինչպես բարձունքից նայելիս, այնպես էլ դրա խորքերում սփռված անտառով քայլելիս, որտեղ մեզ ուղեկցում էին մեզ համար անկանոն թռիչքով թռչող բազմագույն թիթեռնիկներ։
Ահա այսպիսի խիզախ, հագեցած և ճանաչողական օրեր անցկացրեցինք Սյունիքում, բացահայտելով Հայաստանի ևս մի քանի հրաշք անկյուններ, զգալով բնության շունչը։

Ամփոփում՝

Հուլիսի 6-ին. անցած ճանապարհ՝ 15կմ, ընդհանուր հաղթահարած բարձրություն՝ 1364մ, առավելագույն բարձրություն՝ Արամազդ լեռ 3399մ, նվազագույն բարձրություն՝ ճամբար 2149մ, տևողություն՝ 13 ժամ 26 րոպե։

Հուլիսի 7-ին. անցած ճանապարհ՝ 5,5 կմ, տևողությունը՝ 1 ժամ 45 րոպե։