Վերելք Թեժքար լեռ

19.06.2016թ. հաջողվեց վերելք կատարել Թեժքար լեռը: Թեժքար լեռը գտնվում է Արարատի մարզում և ունի 1735մ բարձրություն: Անփորձ մարդկանց, հատկապես երեխաների համար շատ հարմար է առաջին անգամ վերելք իրականացնելու համար, քանի որ շատ բարձր չէ, ճանապարկն էլ անվտանգ է:

Չնայծ այդ օրերի անկայուն եղանակին, մեզ հաջողվեց օգտվել եղանակի բարենպաստ կողմից (5 րոպե անձրևը չհաշված): Քայլելու ժամանակ ամպամած էր և թեթև մառախուղ կար, ինչի արդյունքում ոչ մի բնապատկեր չկարողացանք տեսնել:

Հասանք գագաթ, երեխաները սկսեցին նկարվել, բայց նորից մառախուղ էր: Երբ գագաթին քամի չկա և չենք մրսում, պարտադիր ինչ որ բան ենք ուտում, հանգստանում ենք, որից հետո սկսում ենք ցած իջնել: Հենց այդ հանգստանալու ժամանկ էր, որ բնությունը բերեց իր անակնկալը: Կարծես պայմանավորված ձևով ամպերը ցած իջան` մեզ դարձնելով ամպերից վեր, իսկ հետո լրիվությամբ ցրվեցին` տեսարան բացելով դեպի Արարատ լեռը, Արարատյան դաշտն ու Նախիջևանը: Երեխաները պարզապես հիացած էին ամպերի այդ խաղով, որը վարագույրի պես բացվեց` ներս թողնելով գեղեցկությանը: