Վերելք Կամար և Ծաղկավանք լեռներ

Կամար լեռը Փամբակի լեռնաշղթայի բարձր գագաթներից է: Բարձրությունը՝ 2738 մ: Գտնվում է Արագածոտնի և Լոռու մարզի սահմանագլխին՝ Սիփան գյուղից 3կմ հյուսիս-արևմուտք: Իսկ Ծաղկավանք լեռը գտնվում է Լոռու մարզի տարածքում, բարձրությունը 2290 մ է։ Աշունն արդեն իր հետքն է թողել լեռների վրա՝ կանաչն իր տեղն է զիջել ոսկեգույնին։ Էլ առաջվա պես թեթև չենք հագնվում, ուսապարկերը ծանրացրել ենք տաք հագուստով։ Այս անգամ որոշեցինք անցնել երկու գագաթներով։ Չմոռանանք նշել, որ ցրտերի հետ կրճատվում է գագաթին մնալու ժամը, քանի որ գտնվելով պասիվ վիճակում, սկսում ենք մրսել։ Կամար լեռան գագաթից երևում էին Փամբակի լեռնանցքով դեպի Սպիտակ քաղաք տանող ոլորանները։ Երբ սկսեցինք քայլել Դեպի Ծաղկավանք գագաթ, տեսարաններն ավելի գեղեցկացանում։ Ներքևում մեծ ակոսներ էին ձգվում և տպավորույուն էր, որ դրանք երկրաշարժից են առաջացել։ Մենք, կարելի է ասել, Ծաղկավանք լեռը ոչ թե բարձրացանք, այլ՝ իջանք։ Միայն վերջին տաս րոպեն վերելք արեցինք։ Ծաղկավանքից իջնելու ճանապարհի լանջերը զառիթափ էին և իջնելն, ինչ խոսք, այնքան էլ հեշտ չէր։ Խմբի ծնողներից մեկի համար հատկապես դժվար էր, քանի որ բարձրությունից վախ ուներ։ Մեր Արամը, ով միշտ էլ աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ, անընդհատ հետ էր մնում, բայց ակնհայտ էր, որ ինքը շատ արագ կարող է իջնել։ Իր հետ մնալու միակ պատճառը խմբի միակ մասնակից ծնողին օգնելն ու մենակ չթողնելն էր։ Երբ խմբի և նրանց միջև հեռավորությունը թույլատրելի չափն անցնում էր և սպասում էինք իրենց մոտենալուն, միայն այդ ժամանակ էր Արամն իր քայլերն արագացնում։ Մենք շատ բախտավոր ենք, որ մեր շարքերում կա Արամը, ով բացի լավ դաստիարակություն ունենալուց նաև հուսալի ընկեր է՝ ճանապարհի ընկեր, ով կարող է օգնել, առանց օգնության խնդրանքի։