Վերելք յուրօրինակ անվամբ լեռ՝ Տկլորսար լեռ

Փետրվարի 7-ին որոշեցինք բարձրանալ Տկլորսար լեռը, որը գտնվում է Տավուշի մարզում։ Ինչ խոսք, այս յուրօրինակ անունով լեռը մի հարց էր առաջացրել երեխաների մոտ՝ ինչու՞ է լեռը անվանակոչվել Տկլորսար։ Պարզ է, որ վերջնական պատասխան չտրվեց, հատկապես, որ մինչև գագաթ լեռն անտառ էր հագել։ Չնայած նրան, որ լեռան բարձրությունը 1992մ է, բայց վերելքն այնքան էլ հեշտ չէր, քանի որ գագաթ հասնելու համար պետք էր հաղթահարել 750մ բարձրություն և անցնել 10կմ ճանապարհ։ Մեզ հաջողվեց հասնել գագաթ։ Երեխաները բարձր տրամադրության մեջ էին, ինչը փոքր ինչ դժվարեցնում էր վերելքը, քանի որ տարվում էին խոսք ու զրույցով և մոռանում քայլելու մասին։ Ճանապարհի մեծ մասը ստիպված էինք անցնել ցեխի միջով, ինչը, տաք եղանակով պայմանավորված, ձնհալի հետևանք էր։ Գագաթից շատ գեղեցիկ պատկերներ էին բացվում դեպի Սառցապատ, Եղջերվասար և Ապակեքար լեռները։ Երեխեաներին հատկապես գերել էր Եղջերվասար լեռը։ Եվս մեկ գեղեցիկ գագաթ բացահայտեցինք մեզ համար, անցկացրեցինք գեղեցիկ օր բնության գրկում, կոփվեցինք և ճանաչեցինք մեր երկրի գեղեցիկ անկյուններից ևս մեկը։