Վերելք Սևաժայռ լեռ

2021-ի առաջին գիշերակացով արշավը  կազմակերպեցինք հունիսի 26-ին: Մեկնեցինք Վայոց Ձորի մարզ և Սևաժայռ գյուղից կես կմ հեռավորության վրա տեղադրեցինք մեր վրանները: Նպատակը Սևաժայռ լեռը բարձրանալն էր, որն ունի 2727մ բարձրություն: Այս երկու օրվա արկածներին մասնակից եղավ 59 հոգի, որից 47-ը երեխա: Ժամը 13:30-ին և´ վրաններն էին տեղադրված, և´ երեխաները՝ սնված, իսկ դա նշանակում է, որ ճամբարում հաճելի եռուզեռ էր սկսվել: Մի մասը վոլեյբոլ էր խաղում, մի մասը՝ գետում ավազան պատրաստում, մի խումբը ուրուր (воздушный змей) թռցնում, ավազանը պատրաստ լինելուց հետո՝ մի մասը նույնիսկ սկսեց ջրային վոլեյբոլ խաղալ: Տղաներից ոմանք շտապում էին և շատ արագ սկսեցին երեկոյան խարույկի համար փայտ հավաքել:

Ամենատպավորիչը վոլեյբոլն էր … Մենք այն վերանվանեցինք «խփիր, թե կարող ես», քանի որ խաղում էինք ով ոնց կարող է՝ ձեռքով, ոտքով, գլխով, կարևորը, որ գնդակը դուրս չգար շրջողակից:

Երեկոյան ժամին էլ սկսվեց գործնագործի (նույն ինքը՝ բադերի որսորդ) բաց առաջնությունը, հետո էլ՝ քարկապի:

Առաջին օրը խաղառատ էր, ինչը լիցքաթափվելու շատ լավ ձև է: Մեծ ու փոքր խառնվել էինք իրար և տրվել գժությունների ալիքին:

Էլ ինչ ճամբար, եթե այն չպետք է ամփոփվի խարույկի շուրջ հավաքվելով, ծխից արցունքոտվելով և մաշմելլո, կարտոֆիլ և նրբերշիկ խորովելով:

Այս գիշերակացով արշավը շատերին առաջին անգամ վրանում քնելու փորձառություն տվեց, որի մասին նրանց տպավորությունները կարելի էր կարդալ առավոտյան նրանց ճմռթված դեմքերին:

Առավոտյան ժամը 07:00-ին սկսեցինք վերելքը՝ սկզբում հանգիստ, հետո մի փոքր ավելի արագ քայլերով: Ճանապարհի սկիզբը շատ հեշտ էր անցնելը, քանի որ թեքությունները մեղմ էին, իսկ ճանապարհի կեսից սկսվեց զառիթափ վերելքը: Սևաժայռը ժայռապատ լանջերով և գագաթով լեռ է, իսկ լանջերը՝ կանաչապատ և ծաղկազարդ: Շատ գրավիչ և վեհ տեսք ունի, թվում է անմատչելի և հենց դրանով էլ գրավում լեռներ բարձրանալ սիրողներին: Ճանապարհի կեսից մեզ միացավ մի շուն, ով հավանաբար շատ անգամներ էր եղել Սևաժայռի գագաթին: Երեխաները կերակրում էին շանը, հոգ տանում նրա մասին: Բոլորիս հաջողվեց հասնել գագաթ, այնտեղից վայելել տեսարանները և հաղթական զգացողությամբ հանգստանալ գագաթին: Հեռվում երևում էին Վայոցսարը, Վարդենիսի լեռների գագաթները՝ Աստղոնքը, Սոխասարը, Սանդուխտասարը, Վարդենիսը և այլն:

Գագաթից վերադառնալուց հետո մի փոքր հանգստացանք, որից հետո հավաքեցինք ճամբարը և վերադարձանք Երևան:

Քայլեցինք 11 կմ, և հաղթահարեցինք 700 մ հարաբերական բարձրություն: