«Վրանային ճամբար» Ստեփանավանում

Հուլիսի 3-9-ը 4 Peaks Alpine Club-ը կազմակերպեց «ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» Ստեփանավանում, որը բավականին հաջող ընթացք և դրական արձագանք ունեցավ: Ճամբարն ուսուցողական էր, որի ընթացքում իրավիճակային խաղ-վարժանքների միջոցով անդրադարձանք փոխօգնության, արշավային, բնապահպանական, կենսապահովման, լեռնային և այլ թեմաների: Ճամբարի անցկացման վայրը պատահական չէր ընտրվել: Հաշվի էինք առնվել լոռվա մեղմ կլիման, հարուստ բնությունը, պաշտպանված լինելը, իսկ սոճիների անտառով շրջապատված լինելն էլ այլ գեղեցկություն էր ապահովելու ճամբարին:
Ծրագիրը հետևյալն էր.
1. Գետանցում (հորիզոնական, պերիլա),
2. Ճահիճի անցում,
3. Թեք լանջի անցում (վերելք, բազրիք, վայրէջք),
4. Քայլարշավ, որը կզուգորդվի գետանցով` իրական գետի վրա (Դեբեդ գետ),
5. Մագլցում,
6. Առաջին օգնություն:
Դասերն անցկացրեցին հրահանգիչներ և փրկարաներ:

Ահա նկարագիրը.

Օր 1

Ինչպես մեր բոլոր ճամփորդությունների ժամանակ, այս անգամ էլ առավոտ վաղ հանդիպեցինք, բայց այս անգամ քնապարկերով, վրաններով և մեծ ուսապարկերով։ Ուղղությունը Ստեփանավան։ Սոճիների անտառով շրջապատված բնության մեջ է ճամբարի վայրը, որտեղ ամեն բան հարմարեցված է վրաններով մնալու համար։
Երեխաներն ինքնուրույն տեղադրեցին վրաններն ու դասավորեցին իրերը։ 7 օր պետք է ապրեն իրենց ձեռքով տեղադրած վրանում, այնպես որ ինչքան հնարավոր է լավ են ամրացնում այն։ Ճաշից հետո, ինչը շատ համեղ էր, սկսեցինք տարբեր խաղեր խաղալ։ Երեկոյան խարույկի շուրջ հավաքվեցինք։ Պետք է նշել, որ խարույկն անգամ երեխաներն իրենք են վառել՝ մեր խարույկի մասնագետ Անդրանիկը և ցախի հարցը լուծեց և հեշտությամբ խարույկը գործի գցեց։
Անտառ, լռություն, լռության մեջ վառվող փայտի ձայն և մթության մեջ պարող կրակ։ Եվ ինչպե՞ս կրակը չպարեր, չէ որ երեխաներն այնքան անուշ էին երգում։
Շատ ազդեցիկ էր Ժորայի ասմունքը, ով չնայած իր 12 տարեկան լինելուն, ստիպեց բոլորիս փշաքաղվել։
Քնելու պահը թերևս ամենասպասված պահն էր, չէ որ երեխաները առաջին անգամ էին վրանում գիշերելու և այն էլ անտառով շրջապատված։ Երեկոյան ժամերին բավականին զով է Ստեփանավանում և քնելիս լավ տեղավորվում ենք քնապարկերի մեջ և անուշ քուն մտնում։
Այստեղ կավարտենք մեր 1-ին օրվա ամփոփ պատմությունը:

Օր 2

Զարթուցիչը դրված էր 8։00, բայց երեխաները 6։30 արդեն արթուն էին և այնքան թարմ և առույգ, ասես միշտ այդ ժամին են վեր կենում։ Ճամբարի 2-րդ օրը վարժանք ունենք, որը պետք է անենք Պուշկինոյի ձորում՝ գետի ափին։ Ժամը 11։00 ճանապարհ ընկանք։ Գեղեցիկ անտառային արահետով և ծաղկաշատ լեռնային լանջերով սկսեցինք քայլել։ Ձորագետ գետի ափին՝ ծառերի ստվերին տեղավորվեցինք։ Վարժանքը հենց այս հարմար և գեղեցիկ վայրում ենք անելու։ Երբ արշավներ ենք գնում, լեռներ ենք բարձրանում, մենք բնական արգելքների շատ ենք հանդիպում, որոնցից մեկն էլ գետն է։ Եվ այս անգամ կսովորենք, թե ինչպես կարող ենք հաղթահարել այս արգելքը։ Պարանները կապելուց հետո Լոռէ փրկարար ջոկատի հրահանգիչները սովորեցրեցին, թե ինչպես կարելի է անցնել գետը, որ մասից է ճիշտ անցնել և ինչ ձևեր կան, լեռնային գետերը օրվա որ ժամին են վարար լինում և շատ այլ կարևոր բաներ։ Գետի վրայով ձգված, ծառերին կապված պարանով պետք է անցնենք գետը։ Սա մեզ համար նոր է և շատ հետաքրքիր։ Բոլորս հաջողությամբ անցանք գետը և զինվեցինք նոր հմտություններով։
Վարժանքից հետո լողացինք գետում և հանգստացանք։ Արևի մեղմվելուց հետո վերադարձանք դեպի ճամբար։
Արդյունքում 7կմ քայլեցինք Ստեփանավան-Պուշկինո երթուղով և գետանցում արեցինք։

Օր 3

Առավոտյան ժամը 8-ն է, երեխաները դեռ քնած են և այնքան անուշ քնով, որ ձեռքդ չի գնում արթնացնել։ Նախորդ օրվա հագեցած օրվանից հետո հոգնել են։ Բայց մենք պետք է շարժվենք ըստ ժամանակացույցի, առավոտյան 9-ին նախաճաշ ունենք, այնպես որ՝ Գայանե, Արինա, Վալեր, Անդրանիկ, Արմեն, Մանե, Սերգեյ, Էմիլի, Սոսի, Արամ, Արփի, Ժորա, Արա, Գարիկ արթնացե՜՜՜՜ք ))։
Նախաճաշից հետո գնացինք զբոսնելու Ստեփանավանում, մի խաղահրապարակ բացահայտեցինք և գրոհեցինք։ Ճոճանակն ամենապահանջարկվածն էր։
Ճաշից հետո հավաքվեցինք լսարանում և վերհիշեցինք լեռնագնացության վերաբերյալ ունեցած մեր գիտելիքները, քննարկեցինք հայտնի լեռնագնացների վերելքներ, որից հետո կարդացինք <<Թե ինչպես ուխտը դարձավ սապատավոր>> պատմվածքը։
Ազատ ժամին ոմանք հանգստանում էին, ոմանք բատմիտոն կամ ֆուտբոլ խաղում։
Երեկոյան մեզ մոտ հերթական արգելքի հաղթահարման դասն էր։ Այս անգամ ճահիճ պետք է անցնենք։ Դե իհարկե իրական ճահիճի վրա չէինք անելու մեր վարժանքը։ Գերանների միջոցով ստացանք հնարավոր այն անցանելի տեղանքը, որով կարող էինք հաղթահարել ճահիճը և զգուշորեն սկսեցինք քայլել։ Եթե մեր ոտքը սայթակում էր փայտից, ստացվում էր, որ արգելքը հաղթահարված չէ։ Վարժանքն ավարտեցինք մրցույթով, որի ժամանակ ամենաարագ և առանց սայթակելու անցնող աղջիկը և տղան հաղթանակ գրանցեցին։
Երեկոյան կրկին խաղեր՝ մաֆիա, հալամուլա, անուն գոռոցի … Եվ վերջապես վրանների մեջ ենք ու պատրաստվում ենք քնել (եթե իհարկե երեխաները դավեր չնյութեն)։

Օր 4

4-րդ օրը հուշում է, որ զով օր է լինելու։ Երևանյան տապից հետո մեր ճամբարն իրական դրախտ է։ Մեղմ քամի, մաքուր օդ, թռչունների ծլվլոց, ծառերի խշոց, երեխաների խինդ ու ծիծաղ, այսպիսինն է մեր միջավայրը։ Այնքան հաճելի եղանակ էր, որ նույնիսկ ցերեկային ժամերին ստվերից հեռու՝ խոտերի վրա պառկելը մեծ բավականություն էր։
Առաջին օգնությանը տիրապետելը պարզապես անհրաժեշտություն է։ Ինչքան տեղեկացված ենք, այնքան պաշտպանված ենք։ Դեպքի վայրի զննություն, անվտանգության ապահովում, իրավիճակի գնահատում, առաջին օգնության ցուցաբերում՝ գործողությունների հաջորդականություն, որոնք իմանալը կօգնեն ինչպես տուժածին, այնպես էլ մեզ։ Այս նպատակով է, որ առաջին օգնության դաս արեցինք։ Դասի կեսից հորդառատ անձրև սկսվեց և մոտ մեկ ժամ հետո կտրվեց։ Օդը սառն էր ու թարմ, բնության գույներն ավելի հագեցած երանգ էին ստացել։
Երեկոյան միշտ խարույկ ենք վառում, և այս երեկոն էլ պետք է այդպես լիներ, մանավանդ որ շա՜տ սպասված հյուր ունեինք։ Չնայած ամբողջ փայտը թռչվել էր, բայց մենք չհանձնվեցինք։ Անդրանիկի համառության շնորհիվ և փայտ հավաքեցինք, և խարույկ վառեցինք։ Խարույկի ամենաթեժ պահին, եկավ մեր սպասված հյուրը՝ ընկեր Սուրենը։ Խինդ, ուրախություն, ճիչեր, գրկախառնություններ …։ Օրն ամփոփեցինք խարույկի մեջ եգիպտացորեն խորովելով։

Օր 5

Շեփո՞ր, ինչի՞ համար… Մեր ճամբարում վերկացն ապահովում են թռչուններն իրենց երգով, սոճիների վրա վազող սկյուռիկները՝ վրանի վրա գցած կոներով և ճյուղերեվ։ Նման առավոտները հենց սկզբից գունավոր օր են ապահովում։
Ճամբարի 5-րդ օրը կրկին վարժանք ունենք՝ թեք լանջի հաղթահարում։ Այս վարժանքի համար մեզ հարկավոր էին պարան, անվտանգության գոտի, սաղավարտ, ձեռնոց, վայրէջքի սարքեր, կարաբիններ և իհարկե կարգապահություն ու համարձակություն։ Ուսապարկերը զինեցինք անհրաժեշտ գույքով և շարժվեցինք դեպի անտառ, որտեղ և կազմակերպեցինք վարժանքը։ Մենք այնպիսի դիրքում հայտնվեցինք, որ մեզնից ցած, անտառ էր, որը քիչ հեռվում ձգվում էր դեպի սարն ի վեր։ Պարանները կապվեցին, վերհիշեցինք անվտանգության կանոնները (պարանին մոտենալիս լինել ձեռնոցով և սաղավարտով, չկանգնել պարանի վրա …) և սկսեցինք վարժանքը։ Սկզբում վայրէջքի սարքի օգտագործմամբ պարանով իջանք ցած, հետո առանց պարանի տրավերս անցում արեցինք, երրորդ գործողությամբ պարանից բռնվելով բարձրացանք թեք լանջը և վերջում պարանով և կարաբինի օգտագործմամբ կրկին տրավերս անցում արեցինք։
Վարժանքից հետո փայտ հավաքելով վերադարձանք ճամբար, սակայն հորդառատ անձրևը թույլ չտվեց խարույկ վառել։ Բայց մյուս կողմից էլ անձրևը խոչընդոտ չէր բարձր տրամադրության և խաղեր կազմակերպելու համար։
Յուրաքանչյուր անցնող օր հուշում է, որ մոտենում է վերադարձի օրը, ինչը տխրեցնում է երեխաներին։

Օր 6

Այսօր պետք է մագլցման դաս անենք, բայց խոնավ եղանակը հուշում է, որ դա մեզ չի հաջողվի: Բայց երեխաների համար մտահոգիչ էր ոչ թե այն, որ մագլցում չենք անելու, այլ որ սառը և անձրևային եղանակի պատճառով Վարդավառ չենք տոնելու: Ինչ արած, բնության դեմ մենք անզոր ենք: Բայց սպասեք, կարծես թե կապույտ երկինք է երևում, միթե՞ օրը կկարգավորվի: Արագ զինվեցինք ջրամաններով, տաք հագուստը փոխարինեցինք թեթև ամառային շորտերով և շապիկներով ու սկսեցինք ջրել միմյանց: Բավականին բարձր տրամադրության մեջ էին երեխաները: Եղանակը 40 րոպե նվիրեց Վարդավառ տոնելուն և սկսեց մռայլվել: Սա էլ բավական էր օրը գեղեցիկ դարձնելու համար: Երեկոյան մեծ դժվարությամբ խարույկ վառեցինք, քանի որ փայտերը խոնավ էին: Սա մեր ճամբարի վերջին խարույկն էր, այնպես որ հավաքվեցինք կրակի շուրջ, երգեցինք, պարեցինք, արտասանեցինք, պարզապես լռության մեջ լսեցինք խարույկի ճարճաթյունը և գնացինք քնելու:

Օր 7

Երեխաները չեն ցանկանում վերադառնալ Երևան և նույնիսկ կաշառելու փորձեր են անում: Մի շտապեք վատ բան մտածել, նրանց առաջարկած կաշառքը շատ օգտակար երևույթ էր` մի ամբողջ օր գիրք կարդալ ևս մեկ օր ճամբարում մնալու դիմաց: Ավաղ առաջարկին հնարավոր չէր ընդառաջաել, այնպես որ սկսեցինք հավաքել իրերը, քնապարկերն ու վրաններ: Արդեն երբ տեղավորվել էինք ավտոբուսում և անցնում էինք Ստեփանավանով, երեխաները բաց պատուհանից հրաժեշտ էին տալիս և քաղաքի բնակիչներին, և քաղաքին` խոստանալով շուտ վերադառնա: