Վրանային քաղաք Անտառամեջում

Անտառամեջ գյուղը Գեղարքունիքի մարզում է՝ շրջապատված սաղարթախիտ անտառապատ լեռներով։ Մեր ճանաչած Գեղարքունիքի մարզը որևէ կերպ չի առնչվում նոր բացահայտվածի հետ։ Թավշյա կանաչ, անթիվ և անհամար երիցուկներ, որոնք ձյան պես ծածկել էին շրջակայքը, մաքուր օդ, թիթեռնիկներ, հյուրընկալ մարդիկ․ այս ամենը վառ գույներով ներկեցին մեր կյանքի երկու օրերը։
Վայր, որտեղ կարելի է վրանային ճամբար անել, անցնել գեղեցիկ անտառային արահետներ և լիարժեք հանգստանալ։ Բայց քանի որ մենք երեխաներ ենք, ամենաքիչը հանգստանալու մասին ենք մտածում և լծվեցինք խաղեր խաղալու, վազվզելու, ակրոբատիկ հնարքներ անելու և արշավելու գործին։
Գյուղի հյուրընկալ տանը նախաճաշելուց հետո (իսկ այստեղ գրեթե ամենը տնական էր) անցանք վրաններ տեղադրելու գործին։ Երեխաները միմյանց օգնելով պատրաստեցին փոքրիկ վրանային քաղաք և տեղավորեցին իրերը։ Ճամբարը գյուղի վերևում կազմակերպեցինք՝ 1550մ բարձրության վրա, որտեղից աննկարագրելի տեսարաններ էին բացվում։ Երբ այստեղից նայում էինք մեզ շրջապատող անտառին, պատկերացնում էինք, թե ինչպես է արջն իր քոթոթների հետ խաղում, գայլը՝ մեզ նայում, եղնիկներն այս ու այն կողմ վազվզում։ Եվ այս պատկերացումները իրականությունից էին բխում, քանի որ այս բնության մեջ անտառի բնակիչներ միանշանակ կան։ Մի փոքր հանգստանալուց հետո հավաքեցինք ուսապարկերն ու ճանապարհ ընկանք՝ հույսով, որ կհանդիպենք անտառի բնակիչներին։ Նեղ արահետը մեզ տարավ անտառի խորքը, ցույց տվեց փոքրիկ ջրվեժներ, կանգնեցրեց երիցուկների աշխարհում և դրդեց զինվել ֆոտոխցիկներով։ Չնայած անտառի բնակիչներին չտեսանք, բայց լսեցինք անտառի ձայնը՝ ողողված ծառերի խշշոցով, գետի կարկաչով, թռչյունների ծյվլոցով։ Բայց, անտառի բնակիչներից արջը, մեզ համար իր թաթի հետքն էր ի ցույց դրել, որ համոզվենք մեր պատկերացումների ճշմարտացի լինելու մեջ։ Արշավի նպատակը Ձորավանք եկեղեցուն հասնելն էր։ Այս եկեղեցին թվագրվում է 12-13-րդ դարերին։ Ճիշտ է, այն ամբողջությամբ ավերակ վիճակում էր, միայն պատերն էին կանգուն մնացել, բայց գեղեցիկ էր։ Վերադարձանք ճամբար և արդյունքում քայլեցինք 5,5 կմ։ Արշավից հետո ազատ ժամ էր։ Երկինքն էլ որոշեց մեզ նվեր անել և նկարեց մի բոցավառ մայրամուտ՝ ալիքավոր մութ ու պարզ ամպերով, իսկ գիշերն էլ հավաքեց ամպերն ու սփռեց աստղերը։ Մեր վրանային քաղաքում շատ աշխույժ էր՝ մի մասը վրանի մեջ խաղեր էին խաղում, մի մասը մարմնամարզություն ցուցադրում, մյուսները խարույկ մոտ էին, մի մասն էլ դավեր էին նյութում գիշերը ատամի մածուկով հարձակում գործելու մասին։ Դժվար է հակիրճ պատմել 2 օրվա գեղեցկությունը, այն պետք է տեսնել, զգալ, լսել և շոշափել։
Հաջորդ օրը, ինչպես կառուցել էինք մեր վրանային քաղաքը, այնպես էլ հետ հավաքեցինք, իջանք Անտառամեջ գյուղի հյուրընկալ մեր տունը, նախաճաշեցինք և վերադարձանք Երևան։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և մեր ավագ ընկերներին, ովքեր մեզ հետ էին, կամ մենք էինք իրենց հետ: