Տարին բացեցինք Սմբատաբերդով

Հունվարի 13-ին ուղևորվեցինք Վայոց Ձորի մարզ` ձնագնդիկ խաղալու և ձնեմարդ պատրաստելու մեծ ցանկությամբ, իհարկե առաջնային էր ընկերներին տեսնելն ու բնության մեջ ժամանակ անցկացնելը: Սա 2019թ.-ի առաջին արշավն էր:
Շատ աշխույժ աղմուկով էր լցված ավտոբուսը` մաֆիա, 21, այլ կերպ, երաժշտություն, բարձր տրամադրություն …
Երբ արդեն Արտաբույնքում էինք, հասկացանք, որ ձյան պակաս չենք ունենալու: Գեղեցիկ ձյունածածկ լեռների ուղեկցությամբ սկսեցինք քայլել դեպի Սմբատաբերդ: Չնայած վերելքի ընթացքում ձների մեջ չթավալվելու, ձնագնդիկ չխաղալու պայմանավորվածությանը, երեխաները երբեմն չէին դիմանում գայթակղությանը: Որոշել էինք այդ ամենն անել վերադարձի կես ճանապարհին, որպեսզի չմրսենք և ավտուբուսում զգեստափխվենք:
Հասանք Սմբատաբերդ, որտեղից մի կախարդական տեսարան բացվեց դեպի Թեքսարի լեռներ: Եղանակն ամպամած էր և այդ ամպամածությունն էլ հետաքրքիր կապտավուն երանգ ուներ: Այդ գույների մեջ առավել ընդգծված վեր էր հառնել Գայլեձոր լեռը, որի լանջերը ձյունածածկ էին, բայց ժայռային ելուստները` ոչ, այդ կերպ ի ցույց դնելով լեռան դժվարամատչելի մասերը: Չնայած մեր աղմուկին, տարածքում լռությունն էր թևածում: Որոշել էինք, որ պետք է երկու ձնեմարդ պատրաստենք, թագավոր և թագուհի կարգենք, շուրջպար բռնենք: Բայց ձյունը ավազափոշու էր նման` չէր կպնում, և մենք չկարողացանք ձնեմարդ պատրաստելու ծիսակարգն իրագործենլ: Հետո քամի սկսվեց, մենք սկսեցինք մրսել և հարկադրված արագացրեցինք վերադարձը:
Բարեբախտաբար ներքևում քամի չկար և կարողացանք ձնագնդիկ խաղալ: Դա նման էր ձնային պատերազմի, որը սկիզբ առավ Սմբատաբերդի պարիսպներից ցած, բայց լի էր ուրախության ձայներով և որևէ մեկին ձների մեջ նետելու կոչերով: Մեր պատերազմն ավարտվեց ուրախ և կարմրած դեմքերով, մազից կախված սառած ձյան բեկորներով, թաց հագուստով, և այն ամփոփվեց մեր հուշերի պատմության շտեմարանում:

Այդ օրը քայլեցինք 5կմ՝ 1664մ-ից հասնելով 1915մ: