Տոնական վերելք Արա լեռ

Արայի լեռը հանգած հրաբուխ է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագոտում։  Բարծրություն 2577 մ։ Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ։ Այստեղ է ընկել իր կնոջը՝ Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու՝ Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան։ Արայի լեռան փեշին գտնվող Եղվարդ քաղաքի բնակիչներն Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են՝ Աքլորաքար, քանի որ լեռան ամենաբարձր գագաթն է։ Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում և հետաքրքիր է երկրամորֆոլոգիական տեսակետից։ Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան։ Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում։ Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը՝ կիսանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ և մարգագետին, բարձր խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն, տափաստանի թփուտներ։ Արա լեռան տարածքը հարուստ է կենդանական աշխարհով: Այստեղ բնակվում են բազմաթիվ թռչնատեսակներ, սողուններ, կրծողներ, ինչպես նաև արջեր, գայլեր, աղվեսներ և այլն:

Մայիսի 28-ին՝ առաջին հանրապետության օրը, վերելք կատարեցինք Արա լեռ։
Առավոտյան եղանակը շատ լավն էր՝ թեթև ամպերով զարդարված երկինք և մեղմ արև էր։ Խոտը բարձր չէր, լանջից լանջ ծաղիկները փոխվում էին՝ տեսանք երնջակ, ցմախ, մատնունի, զանգակ և հայկական պապլոր ծաղիկներ, իսկ 2000մ-ից բարձր մեզ դիմավորեցին գեղեցիկ լեռնային կակաչները։ Մեզնից ձախ Ծաղկեվանքն էր և դեպի վեր ձգվող ժայռապատ Արա լեռան վիհը։ Այս անգամ ավելի խիստ էինք պահպանում շարքը, քանի որ գիտեինք, որ լեռան վրա օձեր են լինում։ Եվ մեր իմացածը հաստատվեց տեսածով՝ մեր շարքից մեկ մետր հեռավորությամբ՝ ձախ կողմում,օձ տեսանք։ Օձը կեղծ թունավոր սահնօձ էր։ Ագրեսիվ օձ է, բայց խայթոցը թունավոր չէ, իսկ կեղծ թունավոր են ասում, որովհետև աչքերը թունավոր օձի աչքերին է նման։ Ճիշտն ասած՝ մենք օձի ագրեսիվությունը չտեսանք, ավելին՝ նա վախեցած էր։ Առանց օձին դիպչելու և վնասելու շարունակեցինք ճանապարհը։ Վերելքի ամբողջ ընթացքում մեզ հետ էր Արագած լեռը, որն այնքան գեղեցիկ էր, որ աչք չէինք կարողանում կտրել։ Քառագագաթները պարզ երևում էին։ Վերելքի ճանապարհը հեշտ չէր, բայց մեզ հաջողվեց բոլորով հասնել գագաթ։ Գագաթին նկատեցինք, որ եղանակը փոխվում է՝ Արագածն ու Թեղենիսն ամբողջությամբ սև ամպերի մեջ էին, երբեմն ամպրորպի ձայն էինք լսում, այնպես որ մոտ մեկ ժամ գագաթին մնալուց հետո, սկսեցինք իջնել։
Քայլեցինք 10կմ, հաղթահարեցինք 985մ հարաբերական բարձրություն։
Շնորհակալություն արշավի բոլոր մասնակիցներին։