Փախուստ կարկուտից

Հունիսի 20-ին ուղևորվեցինք Թռչկանի ջրվեժ։ Տրամադրվել էինք լա՜վ թրջվել այդ օրը և այդպես էլ եղավ …
Երկար բարակ ճանապարհ անցնելու առաջին կանգառը պլանավորված չէր, բայց ծաղիկների գեղեցկությունն այնքան գրավիչ էր, որ չդիմադրեցինք և դաշտում վայելեցինք ծաղիկների գույնը և գեղեցկությունը։
Ծաղկաթերապիայից հետո շարունակեցինք ճանապարհը։ Ձորաշեն գյուղն էլ անցանք ու սկսեցինք քայլել պարզ երկքնի և հատուկենտ բարի ամպերի ուղեկցությամբ։ Առաջին փորձությունը ճանապարհը հատող Չիչկան գետն անցնելն էր։ Բայց դա միայն ոգևորություն բերեց՝ հանեցինք սպորտային կոշիկներն ու սկսեցինք գետն անցնել։ Ջուրը տանելի սառնություն ուներ։ Գետն անցնելուց հետո նկատեցինք, որ սև ամպեր են կուտակվում։ 4 կմ քայլելուց հետո հայտնվեցինք Թռչկանի վերևում և զառիթափ լանջով իջանք ցած։ Ամեն ինչ խոնավ էր, ինչի շնորհիվ բնության գույներն ավելի խիտ, հագեցած և գեղեցիկ էին։ Բացի մեր խմբից ոչ ոք չկար Թռչկանում, ինչը եզակի հաջողություն է։ Թռչկանը սրընթաց ցած էր գահավիժում՝ տարածքը լցնելով սառնությամբ և շառաչով։ Նույնիսկ շատ հեռու կանգնած՝ ջրի ցողերը ստիպում էի խորը շնչել և արտաշնչել սառնությունից։ Ջրվեժին ծանոթանալուց հետո հաց կերանք և սկսեցինք մաֆիա խաղալ։ Բայց …
Բայց կարճ ժամանակ հետո սկսեց հատուկենտ կարկուկտ թափվել, իսկ 10 րոպե անց, եղանակը մտավ իր սպառնալից դերի մեջ՝ կարկուտ և անձրև տեղաց։ Արագ հավաքվեցինք և արկածային վերադարձ կազմակերպեցինք։ Եվ եղավ այն, ինչին պատրաստվել էինք՝ լա՜վ թրջվեցինք, բայց ոչ թե ջրվեժից, այլ անձրևից։ Իհարկե անձրևապաշտպանները թույ չտվեցին շատ թրջվել, այլ՝ միայն ոտքերը։ Վերադարձին արդեն ջրափոսերը շատացել էին, որը մեր 2 խենթ արշավականների համար իսկական զվարճանքի վերածվեցին։ Եթե մենք բոլոր երեխաները շրջանցում էին ջրափոսերը, ապա նրանք հատուկ մտնում էին ջրափոսի մեջ և թռչկոտում։ Այս տեսարանից ոգեշնչվեց նաև երրորդը։
Շատ երեխաներ ասում են, որ սա լավագույն արշավն էր իրենց համար։