Փերիների սիրելի Արմաղան լեռ

Արմաղան լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, ունի 2829մ բարձրություն: Այն Գեղամա լեռների գագաթներից է: Մայիսի 27-ին մեր ակումբի երեխաներին հաջողվեց հաղթահարել Արմաղան լեռան 2829մ բարձությունը: Չնայած առավոտյան տեղացող հորդ անձրևին, գնացինք դեպի Գեղարքունիքի մարզ: Մեր բարձր և խիզախ տրամադրությունը լեռնային բնությանը հյուրընկալ դարձրեց` անձրևաբեր ամպերը հետ քաշվեցին, թողնելով միայն ստվեր ապահովող ամպեր, քամին էլ մեղմ էր ու հաճելի (իրականում եղանակի տեսությունը Գեղարքունիքի մարզում տեղումներ չէր կանխատեսել): Երբ առաջին անգամ լեռը սկսում է երևալ, մտածում ես, որ շատ բարդ վերելք է լինելու, քանի որ լանջերը շատ կտրուկ են: Սակայն մենք մշակել էինք շատ հարմար վերելքի ուղի, և շատ հանգիստ բարձրացանք դեպի գագաթ: Թե ինչպիսի հիացմունք ունեցանք բոլորս, երբ տեսանք գագաթի գեղեցկությունը, փոքր ինչ դժվարանում եմ նկարագրել. խառնարան, խառնարանային լիճ, կանաչ բնություն և միաժամանակ ձյուն, ուրախություն, ցնծություն, գոհունակություն և հաղթնակի զգացողություն: Այստեղից շատ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը, գագաթին էլ գմբեթավոր եկեղեցի կա: Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։

Արմաղանն իր անզուգական գեղեցկությամբ ստիպում է վերադառնալ այնտեղ կրկին ու կրկին: