Քարկատար լեռան կանչով

Նախապես պլանավորածի համաձայն՝ հունիսի 10-ի առավոտյան ժամը 7:30-ին Արցախ 1 հասցեում էինք: Արդեն վաղուց բոլորս առույգ ենք գալիս հանդիպման վայր՝ նախկինում քնաթաթախ էինք և անընդհատ հորանջում էինք: Ուղությունը Վայոց Ձորի մարզն էր, նպատակը՝ բարձրանալ Քարկատարի լեռների ամենաբարձր գագաթը՝ Քարկատարը: Այս արշավին երեխաները նոր ոգևորությամբ էին եկել, պատճառներից մեկը ճանապարհի մի հատվածը բեռնատարով շարունակելն էր (այս տարվա առաջինը), մյուսը՝ բնապատկերների և հենց լեռան գեղեցկությունը: Արկածները սկսվեցին հենց ավտոբուսում, սկսեցինք ՙմաֆիա՚ խաղալ: Երեխաների հետ խաղում սա այլ ՙմաֆիա՚ էր: Ելփինում բեռնատարն արդեն պատրաստ մեզ էր սպասում: Երեխաներն անհամբեր ուզում էին տեսնել գագաթը, բայց ամպերը մտադրություն չունեին հետ քաշել վարագույրը: Շուրջ բոլորը զմրուխտ կանաչ էր, օդը մաքուր և լի մեր աղմուկով և բեռնատարի մռնչյունով ): 2600մ բարձրության վրա իջանք մեքենայից, որոշ ժամանակ մնացինք այդ բարձրության վրա, հանգստացանք և սկսեցինք վերելքը: Գագաթներն արդեն բաց էին: Երևում էին և Դիտվան, և Մկնասար, և Քարկատար, և Ցոլասար լեռները: Քայլում էինք շարքով, ինչը բավականին լավ էր ստացվում: Այս լեռն իր գեղեցկությամբ դանդաղացնում էր մեր քայլքը, ստիպելով հմայլվել և նկարվել, իսկ եղանակի անկանախատեսելությունը ստիպում էր հմայվել և նկարվել շատ արագ: 2800մ բարձրությունից, երբ գագաթից մոտ 2կմ հեռավորության վրա ես գտնվում, լեռան ռելիեֆը սկսում է ցույց տալ իր առանձնահատկությունները: Ժայռերը, զառիթափ լանջերը, ձորակները, Գեղամա լեռների վրա վարագույր կազմած անձրևը շատ գեղեցիկ էին՝ աննկարագրելի: Այս ամենը առավել զարդարվեց շատ մոտ լանջից մի հսկա արծիվի թռիչքով, որն ասես մեզ ողջունելու համար էր ճախրում: Սա այն վերելքներից էր, երբ մինչև գագաթ քայլեցինք շարքով: Գագաթին թեթև քամի կար, որը սակայն չխանգարեց սնվելուն, նկարվելուն և որ կարևորն է՝ հանգստանալուն: Հասանք մեր բեռնատարին ու որպես փորձառու ուղևորներ, լեռնային ոչ հարթ ճանապարհին և հենց բեռնատարի մեջ նորից սկսեցինք սևերին փնտրել, որը շարունակվեց նաև ավտոբուսում, մինչև Երևան:
Հունիսի 10-ին քայլեցինք 8կմ և հաղթահարեցինք 361մ բարձրություն: