100-ի հաղթանակը՝ վերելք Արա լեռ

Մայիսի 28-ին ավանդական վերելք կատարեցինք Արա լեռ։

Ինչպես մեր պետությունն է միշտ պայքարել իր անկախության համար և դժվարություններով հասել հաղթանակի, այնպես էլ մենք պայքարեցինք Արա լեռան զառիթափ լանջերի և կիզիչ արևի դեմ, ու հաղթական կանգնեցինք գագաթին։

Ընտրել էինք վերելքի համար ոչ այնքան հեշտ երթուղի՝ Ծաղկեվանքից աջ ընկած լանջը։ Ընտրությունը պատահական չէր, արդեն սկսում ենք բարդացնել մեր առջև դրված խնդիրները, որպեսզի իրագործենք օգոստոսին նախատեսված մեծ ծրագիրը։ Վերելքին մասնակցում էր 100 հոգի, որից 74-ը երեխաներ էին, պատկերացնու՞մ եք։

Բարեբախտաբար բոլորը կարողացան հասնել գագաթ՝ դրսելով մեծ կամք և դիմացկունություն։ Իհարկե սա նաև խումբն ուղեկցող «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» անդամների շնորհիվ։

Ճանապարհին օձեր հանդիպեցինք, այդ թվում նաև թունավոր, բայց դասերի ժամանակ ստացած գիտելիքների շնորհիվ, ճիշտ վարքագիծ դրսևորեցինք և անվնաս շարունակեցինք վերելքը։

Այս վերելքը յուրահատուկ էր նաև նրանով, որ մեզ հետ էր «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանը։ Գագաթին շրջանաձև դասավորվելով՝ սկսեցինք գրքի քննարկումը, մեր՝ արդեն սիրելի դարձած գրողին ուղղելով բազմաթիվ հարցեր։ Որպեսզի պատկերացնեք, թե գիրքն ինչի մասին է, մի փոքր մեջբերում անենք. «Վազգենը պառկած էր լեռան գագաթին ու վայելում էր աշնան արևը։ Մտածեց՝ ինչ զվարճալի է, որ ինքն այսքան ժամանակ անց վերադարձել է ակտիվ կյանքի ու հիմա հանգստանում է մի լեռան վրա, որը կոչել են մի մարդու անունով, որին ինքը կենդանության ժամանակ շատ լավ ճանաչել է։ Քմծիծաղ տվեց, հիշեց՝ ինչպես էին մի անգամ Արայի հետ, որին դեռ իր՝ Վազգենի ներկայությամբ էին սկսել անվանել Գեղեցիկ, չնայած իր անձնական վիշապային կարծիքով՝ մի երևելի գեղեցկությամբ աչքի չէր ընկնում… ինչևէ, մի օր Արայի հետ որսի էին հենց այստեղ»։ Բառերով պատկերվածը նաև տեսանելի դարձավ Արա լեռան վերելքի շնորհիվ։ Դուք էլ կարդացեք այս գիրքը և չեք փոշմանի:

Չնայած ճանապարհի դժվարություններին՝ արդեն մեքենաների մեջ երեխաները հետաքրքրվում էին հաջորդ վերելքի մասին։ Սա էլ մեծ հաղթանակ է, երբ դժվարությունը քեզ չի վախեցնում, այլ մոտիվացնում է։

Այսպիսով, մայիսի 28-ին քայլեցինք 10,5 կմ հաղթահարեցինք 985մ բարձրություն։