2-րդ «Վրանային ճամբարը»

Եվ նորից մենք ուղևորվեցինք Ստեփանավան՝ <<Վրանային ճամբար>> 2 -ի կանչով…

Օր 1
Առավոտ վաղ շարժվեցինք Երևանից։ Վրանները, քնապարկերը, կարիմատները, ուսապարկերը հարմար տեղավորեցինք ու գնացինք։ Ստեփանավանը մեզ ողջունեց հագեցած կանաչով, մառախուղով և անձրևով (մինչ մեր ժամանելը և նախորդ օրը նույնպես լավ անձրևել էր)։ Իսկ մենք պետք է վրաններ տեղադրեինք՝ պատրաստեինք մեր 7 օրյա ճամբարային բնակավայրը։ Նման պայմաններում, որոշեցինք գիշերել, ոչ թե վրաններում այլ մեծ սիրով մեզ հատկացրած հյուրընկալ տնակում։ Դաս անելուց և <<Սևեր և կարմիրներ>> խաղալուց հետո դուրս եկանք զբոսանքի։ Թարմ և խոնավ օդ, բնության անուշ բույր, գեղեցիկ բնություն, երեխաների բազմազան զրույցներ, հարազատ և վստահելի մարդիկ՝ էլ ի՞նչ է պետք լավ օրեր ունենալու համար։ Այս ճամբարի առաջին օրվա բացահայտումը Simba խաղն էր՝ բավականին հետաքրքիր մի բան։ Խարույկը դարձել է ավանդական բարի գիշերի տարբերակ և հիմա էլ խարույկով ամփոփեցինք մեր օրը։

Օր 2

Ժամը 08։00՝ ոմանք արդեն արթուն են, ոմանք էլ համառորեն չեն ուզում վեր կենալ։ Բայց վերկացն անխուսափելի է, չէ որ ժամը 09։00 նախաճաշն է։ Այստեղի սնունդի մասին ոչ թե պետք է խոսել, այլ պետք է պարտադիր փորձել, բայց հավատացեք, որ շատ համեղ է ու ախորժելի։ Նախաճաշից հետո ճանաչողական զբոսանք կատարեցինք Ստեփանավանում, քաղաք, որն աչքի է ընկնում մաքրությամբ, կոկիկությամբ և մարդկանց հյուրընկալ վերաբերմունքով։ Կամուրջից վայելեցինք Ձորագետի կիրճի բարձրությունը, տեսարանը և խորքից մեզ հասնող գետի խշշոցը։ Վերջապես այսօր վրանները տեղադրեցինք և իրերը դասավորեցինք։ Իդեալական եղանակ է։ Պառկել խոտերին, թեյ խմել, գիրք կարդալ ու հանգստանալ, այ սա երանություն էր։ Իհարկե օրը դեռ շարունակվում է, բայց այսօր այսքանը մեր մասին։

Օր 3

Առանց զարթուցիչի օգնության, առավոտյան 8-ին բոլորս արդեն արթուն էինք։ Թարմ օդը, մեղմ արևը, լռությունը և ներքին բավարարվածությունը առավոտն ավելի գեղեցիկ էին դարձրել։ Այսօրվա ծրագիրն արշավային է։ Նախաճաշից հետո, դասավորեցինք ուսապարկերն ու սկսեցինք քայլել։ Անտառից և լեռներից ակամա ուժ ես առնում, ոգեշնչվում։ Անտառում իրենց գեղեցկությամբ մեզ դիմավորեցին բազմաթիվ սնկեր, գեղեցիկ գունավորմամբ տերևներ։ Երեխաները միմյանց օգնելով (մեծը փոքրի ձեռքից բռնելով, կոշիկի քանդված քուղը կապելով) քայլում էին։ Ոմանք առաջին անգամ էին քայլարշավի մասնակցում, բայց դա չխանգարեց նրանց։ Իսկ երեխաներից ոմանք նաև սկսեցին ոտաբոբիկ քայլել։ Զրուցելով հասանք գետի մոտ, հանեցինք կոշիկներն ու մտանք ջուրը։ Տաքացած ոտքերի համար գետի սառնությունը իդեալական էր։ Անտառ, լեռներ, գետ, խոտերին պառկած երեխաներ, գետի մեջ քար որոնող աղջիկներ, անկեղծ ուրախացող դեմքեր, այս ամենը անփոխարինելի է։ Սա է լավագույն միջոցը կտրվել քաղաքային աղմուկից և ձուլվել բնությանը, ճանաչել հայրենիքը, ընկերների հետ խոսել ոչ թե համակարգչային խաղերից, այլ թե ինչ տեսարան կբացվի դիմացի գագաթից…
Իսկ վերադարձի աղբահավաքն էլ իհարկե աննշան, ոչ էական օգնություն էր բնությանը, բայց միջոց էր երեխաների մեջ սերմանել շրջակա միջավայրը չաղտոտելու մշակույթը։
Օրն արդյունավետ էր, հագեցած ու գեղեցիկ։

Օր 4

Նկարագիրը պետք է սկսել գիշերվանից։ Ժամը 1-ի շրջակայքում եղանակը սկսեց փոխվել՝ անձրև, կայծակ և ամպրոպ։ Այդ պահին միակ միտքն այն էր, որ երեխաները չվախենան, քանի որ վրանները ևս մեկ անգամ ստուգելուց հետո, հանգիստ էինք, որ անձրևը չի թափանցի ներս։ Ոչ մի վրանից ոչ մի ձայն չկար, բոլորը հանգիստ քնած էին։ Ոչ անձրևը, ոչ ամպրոպը չկարողացան անհանգստացնել երեխաներին, քանի որ նրանք խորը և հանգիստ քնի մեջ էին։ Առավոտյան նույնիսկ թաց խոտերը զարմացրեցին, որ անձրև է եկել։
Համեղ նախաճաշից հետո լեռնային հիվանդության, կլիմայավարժման մասին դաս արեցինք։ Իսկ ճաշից հետո երկար սպասված մագլցում արեցինք։ Այստեղ՝ Լոռե փրկարար ջոկատի տարածքում, որը նաև ունի Լոռէ ակտիվ հանգստի կենտրոն, ամեն բան մտածված է ակտիվ հանգստի և ուսուցման համար։ Մագլցման պատն էլ դրա վառ ապացույցն է։ Բարձրությունն ինքնին դժվարություն է, քանի որ վախն է գլուխ բարձրացնում։ Սա էլ բավական չէ, պետք է կարողանաս վստահել պարանին և դրանով անվտանգություն ապահովողին։ Նախնական բացատրական աշխատանքից հետո, որոշ չափով վախը հաղթահարվեց, վստահությունն էլ ամրապնդվեց։ Սկսեցինք մագլցել։ Մագլցման ժամանակ գրեթե բոլոր մկաններն աշխատում են, զարգանում է հավասարակշռությունը, պետք է կարողանաս կենտրոնանալ և ճիշտ մագլցել։ Երեխաները ակտիվորեն փորձում էին օգնել իրենց մագլցող ընկերոջը, հուշելով, թե որ քարից բռնվի կամ որ քարին ոտքը դնի։ Առաջին մագլցողին հետևելուց հետո, կարծես թե վախը նահանջեց։ Վաղը կարթնանք բռնված մկաններով, բայց դա միանշանակ հաճելի զգացողություն կլինի:

Օր 5

Եվ այս անգամ էլ բնությունը հաղթող գտնվեց։ Գիշերվա անխնա անձրևը, որը մեղմորեն վերսկսեց նաև առավոտյան, ստիպեց դուրս չգալ ճամբարի տարածքից։ Իսկ մենք իհարկե պարապ չէինք կարող մնալ, և որոշեցինք դիտել իրական փաստերի վրա նկարահանված <<Էվերեստ>> ֆիլմը։ Եթե այս ֆիլմը չեք դիտել, դիտեք, և դուք ֆիլմի հերոսների սխալների վրա, շատ բան կսովորեք։ Ֆիլմից հետո սկսվեց սեղանի թենիսի <<Վրանային առաջնությունը>>, որում բացարձակ չեմպիոն դարձավ մեր Աշոտը )))։ Րոպեներ հետո էլ խարույկ կվառենք և եգիպտացորեն կխորովենք։ Եվ այս ամենը անձրևից թարմացած, խոնավ ու մաքուր օդում։

Օր 6

Քայլարշավ դեպի Լոռե բերդ։ Չնայած ամպերի սպառնալից տեսքին միևնույն է ճանապարհ ընկանք։ Չնայած մի փոքր սառնությանը, այնուամենայնիվ եղանակը շատ հարմար էր քայլելու համար։ Լոռի Բերդը միջնադարյան անառիկ ամրոց է, որը գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Ընդգրկված է Լոռի Բերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Գտնվելով ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, շատ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի կիրճը։ Երկայնական ձգվող կիրճը, որի խորքից դեպի վեր է բարձրանում շտապող Ձորագետ գետի խշշոցը, իսկ խորը կիրճերը եզերվում են հսկա ժայռերով, ստիպում են երկար կանգնել կիրճի մոտ և անթարթ նայել այդ գեղեցկությանը և խաղաղվել։ Եվ տեսնելով այդ անմատչելի կիրճը հասկանում ես, որ բնությունն ամենակատարյալ քանդակագործն ու նկարիչն է։
Երեխաների հետ քայլեցինք 14կմ, ինչի հետևանքով ճաշից հետո շաաատ հանգիստ էր ճամբարում, որովհետև բոլորը հանգստանում էին, ինչը եզակի երևույթ էր մեր դեպքում։

Օր 7

Անձրևոտ գիշերից հետո, առավոտյան սկսեցինք չորացնել վրանները, հավաքել իրերն ու վայելել վերջին ժամերը Ստեփանավանում: Ճամբարը երեխաների համար լավ ընկերության սկիզբ դարձավ և կշարունակվի նաև Երևանից մինչև Անգլիա. կոնտակտների փոխանակման իսկական ժամանակն է: Հրաժեշտ տվեցինք հյուրընկալ Ստեփանավանին և վերադարձանք Երևան, սպասելով հաւորդ տարվա ճամբարին: