«Վրանային ճամբար» 3

ՕՐ 1

Ստեփանավան՝ վայր, որն արդեն հարազատ է մեզ համար, չէ որ նախորդ տարի երկու անգամ վրանային ճամբար ենք ունեցել և այս 3-րդ անգամն էլ ճանապարհը մեզ բերեց այստեղ։ Լոռվա գեղեցիկ բնության մասին պատմելն այնքնան էլ պարտադիր չէ, քանի որ դա հայտնի է բոլորին։ 17 աղմկասեր, հարցասեր և սրամիտ երեխաներ ճանապարհ ընկան։ Հասնելով Ստեփանավան, բավականին կարճ ժամկետում վրանները դրեցինք և տեղավորեցինք իրերը։ Երևանյան տապից հետո մեզ մոտ իսկական դրախտ էր, որը քիչ-քիչ սկսեց փոխվել։ Բայց նույնիսկ այդ փոփոխված եղանակը ավելի նախընտրելի էր, քան երևանյան տոթը։ Եղանակի մատուցած անակնկալը մեզ չխանգարեց անցնել պարանային փորձությունների այգին և բացել մկանները՝ պատրաստվելով հաջորդ օրերի փորձություններին։ Մի դժվարությունից մյուսն անցնելով երեխաները կարողացան հաղթահարել բոլոր արգելքները և որ ամենակարևորն է՝ սեփական վախերը։ Անձրևի և կարկուտի պատճառով չկարողացանք խարույկ վառել։ Երբ տեղավորվեցինք վրաններում և ուզում էինք քնել, հասկացանք, որ բուն համամիտ չէ մեր որոշման հետ, քանի որ ակտիվ ձայներ հանելով չէր թողնում քնել։ Ամբողջ գիշերն անցավ տեղատարափ անձրևի, ամպրոպի և երբեմն էլ կայծակի ուղեկցությամբ։

 

Օր 2

Առավոտյան 8։30 անձրևը դադարեց, իսկ դա նշանակում էր, որ հարկադրված ծրագրային փոփոխություն չենք անի։ Նախաճաշելուց, նապաստակներին կերակրելուց և նկարչությունից հետո ճանապարհ ընկանք Պուշկինոյի ձոր։ Անձրևից հետո բնության բույրը առավել ուժեղ էր, և շատ հաճելի։ Բնության բազմերանգ կանաչի մեջ կարմրին էին տալիս մորիները, ստիպելով երեխաներին շարքից դուրս գալ համտեսի։ Հասանք գետի ափ և անցանք գործնական դասին։ Գործնական դասի շնորհիվ սովորեցինք, թե ինչպես պետք է անցնել բնական արգելք գետը պարանի և այլ տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Այստեղ կարևոր է ունենալ ուժեղ ձեռքեր, քանի որ, երբ կախված ես պարանից, պետք է ձեռքերիդ ուժով քեզ տեղաշարժես պարանի մի ծայրից մյուսը։
Վերադարձանք ճամբար և մի քանի մշտական գործեր անելուց հետո, սկսեցինք խարույկի համար դասավորել նախապես հավաքած և չորացրած փայտը։ Կրակի ճթճթոցն ու ջերմությունը բոլորիս հավաքեցին կրակի շուրջ։ Եվս մի գեղեցիկ օր անցկացնելուց հետո գնացինք քնելու, բայց բուն մեր այդ մտադրությունը չէր կիսում, և իր ձայներով փորձում էր մեզ արթուն պահել, բայց՝ ապարդյուն։ 23։00 ճամբարը խորը քնի մեջ էր …

 

Օր 3

Հյուրընկալվել Ստեփանավանի սոճուտ անտառում և չլինել հենց քաղաքում, մեծ բացթողում կլիներ։ Այնպես որ, գնացինք զբոսնելու քաղաքում։ Քաղաքի մաքրությունն ու հանգիստ միջավայրը այնպես էին մոռացնել տվել ժամանակի զգացեղությունը, որ ճաշից ուշացել էինք։ Քաղաքային զբոսանքն ավարտեցինք կամուրջի վրայից Ձորագետ գետի և համանուն կիրճի գեղեցկությամբ հիանալով։ Չնայած մեր բարձր դիրքին, գետի վարար լինելու շնորհիվ ձայնը հասնում էր մեզ։ Մի փոքր հանգստանալուց հետո, անցանք օրվա երկրորդ կեսին։ Այս անգամ մագլցման մարզում ունեինք։ Ոմանք վախերը հաղթահարելով, ոմանք հեշտությամբ, ոմանք էլ մեծ ջանքերի գործադրմամբ մագլցեցին։ Չնայած ընկնելու հավանականությունը մինիմալ է, եթագիտակցության մակարդակում նման վախ միևնույն է մնում է, ինչն էլ ստիպում է լինել առավել կենտրոնացած և օգտագործել օրգանիզմի բոլոր հնարավորությունները: Վստահել պարանին, ոտքի տակի կամ ձեռքի միջի քարի ամրությանը այնքան էլ հեշտ բան չէ։ Բայց արհեստավարժ հրահանգիչները գիտեն իրենց գործը, և կարողանում են օգնել հաղթահարել դժվարությունները։

Եվ ինչպես միշտ, բուի գեղեցիկ ձայների ներքո ամփոփեցինք օրը և ուղևորվեցինք երազների աշխարհ։

 

Օր 4

Ամեն օրն իր հետ մի նոր գեղեցկություն է բերում։ Այսօրն էլ բացառություն չէր՝ Արչասար լեռը մեզ էր սպասում։ Ուսապարկերը դասավորեցինք, <<զինվեցինք>> ջրերով, գլխարկներով և ճանապարհ ընկանք։ Ամռանը լեռ բարձրանալն այնքան էլ հեշտ չէ, քանի որ շոգ է, ինչի պատճառով դժվարանում է քայլելը։ Բայց մեր համառությունն ավելի մեծ էր։ Անտառի միջով անցնող ճանապարհը մեզ տարավ բաց տարածություն, որտեղից սկսեցինք քայլել անտառի եզրով։ Աստիճանաբար խոտածածկը բարձրանում էր՝ անցնելով երեխաներից։ Երբ սկսեց մոտից երևալ Արչասարի ժայռոտ գագաթը, նոր ուժերի հոսք զգացինք և արագ սկսեցինք բարձրանալ թեք լանջը, որտեղ արդեն քայլեցինք ծառերի միջով։ Գագաթին տպավորություն էր, որ պարզապես անտառի մեջ ենք, գագաթի զգացողություն չկար։ Բայց, երբ դուրս եկանք մի փոքր ներքևում ծառերից ազատ հատված, որտեղ նաև խաչ կար, զգացողությունները փոխվեցին։ Բարձրությունից շատ գեղեցիկ տեսարան էր՝ ավելի բարձր լեռներ հեռուներում, Ստեփանավան քաղաքը, ոլորմոլոր լեռնային ճանապարհներ, բնության ակոսներ … Արչասար լեռը շատ գեղեցիկ լեռ է, և հեռվից նայելիս թվում է այն հնարավոր չէ բարձրանալ խիտ անտառի և ժայռերի պատճառով։ Մեզ հաջողվեց հասնել գագաթ, հաղթահարել բոլոր փորձությունները՝ շոգը, խոտածածկը, եղինջները, երբեմն շատ խիտ ծառերը, և որ ամենադժվարն էր՝ շատ արագ վերջացած ջրի պատճառով առաջացած ծարավը։

Արդյունքում՝
Վերելք՝ 517մ

Բարձր կետը՝ 1799մ

Ցածր կետը՝ 1451

Երկարությունը՝ 9,26կմ

 

Օր 5

Թե ինչպես հասանք 5-րդ օրվան, մենք էլ չնկատեցինք։ Հագեցած ծրագրերի, լավ տրամդրության և ընկերների շնորհիվ օրերն այնքան արագ էին անցնում, որ չէինք հավատում, որ վերադարձի օրերը մոտենում են։ Վերադարձը վերադարձ, բայց մենք  դեռ անելիքներ ունեինք։ Այսօրվա մեր ծրագիրը պարանային փորձությունների այգու անցումն ու մագլցումն էր։ Նախորդ փորձի շնորհիվ պարանային փորձությունների այգին այս անգամ ավելի հեշտությամբ անցանք։ Այս մարզման շնորհիվ զարգանում է հավասարակշռությունը, ճկունությունը, որոշումներ կայացնելու ունակությունը, համարձակությունը։ Իսկ երեկոյան մագլցման դաս էր մեզ մոտ։ Այսպես, թե այնպես, կամային հատկանիշներ զարգացնում են գրեթե բոլոր սպորտաձևերը, որով մենք զբաղվում ենք երկար ժամանակ: Բայց մագլցման մեջ, երբ նպատակը թվում է այդքան մոտ և շոշափելի, մենք ամեն անգամ առավելագույն ուժերն ենք ներդնում, որպեսզի հասնենք նրան: Ժայռամագլցումը շատ լավ ձևավորում է կազմվածքը և այստեղ գաղտնիքը նրանում է, որ մագլցման ժամանակ բոլոր մկաններն աշխատում են: Հինգերորդ օրն էլ օգտակար ստացվեց, որը լցված էր մարզումներով, խաղերով, խարույկի շուրջ երգ ու զրույցով: Չմոռանանք նշել, որ խարույկը աղջիկներն էին վառել և շատ լավ էր ստացվել նրանց մոտ։

 

Oր 6

Բնությունը մի հրաշք է, որ մարդու կյանքը դարձնում է գեղեցիկ և օգնում է ապրել։ Մենք հիանում ենք բնության անկրկնելիությամբ և գեղեցկությամբ, բնությունն առողջություն է և ուժ, էներգիայի աղբյուր, տուն, որն անշահախնդիր բարիք է տալիս։ Բնության մի անկյունից մյուսին անցնելու ժամանակ երբեմն մեր ճանապարհին արգելքներ են հանդիպում, և մենք պետք է իմանանք՝ ինչպես անցնել դրանք։ Այս գիտելիքներով զինվելու նպատակով երկու գործնական դաս ունեցանք՝ թեք լանջի հաղթահարում ր ճահիճի անցում։ Երբեմն լանջերն այնպիսի կտրուկ թեքություն են ունենում, որ անհրաժեշտ է պարան և այլ գործիքներ կիրառել, որպեսզի մեր վերելքը կամ վայրէջքը ապահով լինեն։ Պարանները կապելուց հետո, բոլորս սկսեցինք պարանի օգնությամբ բարձրանալ և իջնել թեք լանջը։ Իսկ այս մարզումից անմիջապես հետո հաղթահարեցինք ճահիճի արգելքը։ Պայմանական ճահիճի վրա էր վարժանքը։ Եվ շատ լավ էր, որ իրական ճահիճ չէր, քանի որ որոշ երեխաների մոտ եկրորդ, երրորդ անգամից էր ստացվում ճահիճն անցնելը, իսկ եթե իրական լիներ ճահիճը, փաստորեն երեխաները կտուժեին)): Օրն ավարտվեց, հանգչող խարույկի մեղմ ծխի հետ, բուի ձայների ուղեկցությամբ մենք գնացինք քնելու։ Երեխաները քնած էին, երբ սկսեց անձրև գալ։ Ստեփանավանը մեզ ընդունեց և ճանապարհեց անձրևաբույրով։

 

Օր 7

Օրն ինչքան ուրախացնող էր, այնքան էլ՝ տխրեցնող։ Երեխաներն ուրախ էին, որ կտեսնենց իրենց ծնողներին, բայց տխուր, որ մեկնում ենք ճամբարից։ Այս բոլոր օրերի ընթացքում շատ էինք մտերմացել։ Ամեն երեկո բատմիտոն, բադերի որսորդ, հալամուլա և այլ խաղեր էինք խաղում, նստում խարույկի շուրջ, երբեմն նեղանում իրարից և կրկին հաշտվում։ Երեխաներից ոմանք դժգոհում էին, որ չեն կարողանա քնել մահճակալին, քանի որ սովորել են վրանում և քնապարկի մեջ քնել։ Այս օրերի ընթացքում ճանաչեցինք Լոռվա մարզի գեղատեսիլ վայրերից Ստեփանավանը, Պուշկինոյի ձորը, Արջասար լեռը, ձեռք բերեցինք նոր ընկերներ, ավելի ամրապնդեցինք հին ընկերությունը, նոր հմտություննեոր սովորեցինք և մոտ եղանք բնությունը։ Արդյունավետ յոթ օրերից հետո, վերադարձանք Երևան, որտեղ յուրաքանչյուր երեխա իր գեղեցիկ օրը կկերտի։