Անձրևային Երախի լեռներ

Նոր Կորոնովիրուսային COVID 19 հիվանդությունը ազդեց բոլորիս կյանքի վրա՝ ստիպելով մեկուսանալ, հրաժարվել մշտական սովորություններից, լինել զգուշավոր։ Երկու ամիս արշավներ չգնալուց հետո 10․05․2020թ․-ին վերջապես լիաթոք շնչեցինք։ Իհարկե բոլորն էլ իրենց ընտանիքների հետ այս սահմանափակումների օրերին փորձել են բնությանը մոտ լինել, բայց այս արշավը լրացրեց երկու ամսվա կիսատ ապրածը։
Ըստ պլանների պետք է բարձանայինք Աղավնո լեռը, բայց առավոտյան որոշեցինք գնալ Երախի լեռներ, քանի որ նույնիսկ տեսողական եղանակային կանխատեսումը հուշում էր, որ պետք է հեռու մնալ Արագածոտնից, և գնալ Արարատի մարզ։ Ինչպես արդեն հասկացաք, Երախի լեռները գտնվում են Արարատի մարզում։ Այն ունի 16կմ երկարություն և ամենաբարձր գագաթը 1853մ բարձրությամբ Ալսարն է։ Մեր նպատակը Երախ լեռնագագաթ բարձրանալն էր, որն ունի 1418մ բարձրություն։
Առավոտյան ջերմաչափվեցինք, հագանք ձեռնոցները և դիմակները և տեղավորվեցինք մեքենաների մեջ՝ 25 տեղանոց ավտոբուսում՝ 15 հոգի, 15 տեղանոց մեքենայում՝ 7 հոգի, և ևս 4 հոգի այլ մեքենայով. սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահպանված էր։
Ամբողջ արշավի ընթացքում թույլ անձրև էր մաղում։ Ճանապարհն անցնում էր գույնզգույն լեռների միջով՝ մոխարգույն, կանաչ, նարնջագույն … Գագաթին մոտ մառախուղ էր, և մենք մառախուղոտ և անձրևոտ հասանք գագաթ։ Մեր կարոտած մարմինները վայելում էին բնությունը, բայց երկար չէինք կարող մնալ գագաթին, քանի որ երբ ամպերը ցրվեցին, քամի սկսեց և ցուրտ էր։ Շնորհիվ ամպերի հեռանալուն, նկատեցինք, որ լեռան թեք լանջերը զարդարված են Հիրիկ նրբագեղով, որը Հայաստանի էնդեմիկ և ցավոք, վտանգված տեսակ է։ Մենք միայն նկարեցինք ծաղիկը, և առանց պոկելու առաջ շարժվեցինք։
Կրկին աղբ հավաքելով հետ վերադարձանք, ինչ որ չափով թեթևացնելով բնությունը։

Քայլեցինք 12կմ և հաղթահարեցինք 550մ բարձրություն։