Աղբահավաք Ազատի ջրամբարում

Տարվա մեջ մեկ կամ երկու անգամ (բացառությամբ 2020թվականի) «4 Գագաթ» լեռնային ակումբը կազմակերպում է մեծ աղբահավաք, որն ունի 2 նպատակ՝ երեխաների մեջ կրթել բնության հանդեպ հոգատար վերաբերմունք և իհարկե՝ օգնել բնությանը մի քիչ թեթև շնչել՝ ազատելով աղբից: Իսկ ոչ աղբահավաքային նպատակով կազմակերպված արշավներն էլ, այնպես չէ, որ առանց աղբ հավաքելու են անցնում:
Փորձը ցույց է տալիս, որ հատկապես աղտոտված են ջրային ավազաններին և գետերին մոտ տարածքները:
Մարտի 21-ին ուղևորվեցինք Ազատի ջրամբար: Նախապես տեղեկացված լինելով տարածքի աղետալի աղտոտվածության մասին, որոշեցինք կազմակերպել աղբահավաք-քայլարշավ:
Արշավը սկսեցինք Լանջազատ գյուղի մոտակայքից: Շատ կարճ ժամանակում և շատ փոքր տարածքից հավաքեցինք 65 պարկ (120 լիտրանոց) աղբ՝ մաքրելով 2,85 քառակուսի կմ մակերեսով Ազատի ջրամբարի ափամերձ տարածքի միայն 1 տոկոսը (եթե ոչ ավելի քիչ): Երբ պարկերը վերջացան ու անցանք բուն քայլարշավին և ճանապարհը ձգվում էր աղտոտված տարածքներով, երեխաներն ասում էին՝ ոնց կհավաքեի՜՜՜ այս աղբը …, ընկ. Նարինե, իսկ էս ափը չե՞նք մաքրելու …, ինչու՞ են մարդիկ աղբը թողել էստեղ ու գնացել: Երբ ափին պիկնիկ անող խումբ էին տեսնում, ասում էին՝ տեսնես աղբ թափելու՞ են: Ծնողներից տեղեկացանք, որ տանը կիսվել էին իրենց տպավորություններով՝ զարմանալով աղբի ծավալից:
Ինչևէ, չնայած էմոցիոնալ շոկին, վայելեցինք նաև Երանոս լեռան հսկողության տակ փռված Ազատի ջրամբարի գեղեցկությունն իր գեղեցիկ կղզյակներով, յուրահատուկ գույներով և որորներով:
Արշավի վերջում հետ վերադարձանք մեր հավաքած աղբի մոտ, մեծ դժվարությամբ այն հասցրեցինք հատուկ վարձակալած մեքենայի մեջ և աղբը հասցրեցինք Նուբարաշենի աղբավայր: Հավաքած աղբի 90 տոկոսը պլաստիկ շշեր էին, 5 տոկոսը՝ ապակե շշեր, մյուս 5-ը՝ տարբեր պլաստիկի և լաթի մնացորդներ: Ցավոք, պլաստիկը վերամշակման ենթակա չէր:
Աղբահավաքի մասին հրապարակեցինք մեր էջում, որը լայն տարածում գտավ՝ արտահայտելով մարդկանց հիմնավոր բողոքն ու զայրույթը: Մեզ հետ կապ հաստատեցին Լանջազատի համայնքապետարանից՝ հայտնելով իրենց շնորհակալությունն ու պատրաստակամությունը աջակցել հետագա աղբահավաքներին: Կապ հաստատեցին լրատվական կայքեր՝ հայտնելով, որ կցանկանային լուսաբանել հետագա նման նախաձեռնությունները։
Տարբեր խմբերում քննարկումների ժամանակ կարծիքներ կարդացինք, որ աղբն այդտեղ կուտակվել է, քանի որ Ազատի ջրամբարը դարձել է շատ այցելվող վայր: Բայց պետք է նշել, որ այդ աղբի մեծ մասը Ազատի ջրամբար էր հասել Գառնի, Գեղարդ, Քարերի Սիմֆոնիա, Հավուց Թառ և այլ՝ Ազատ գետի երկայնքով ձգվող վայրեր այցելողների ոչ հետևողական լինելու արդյունքում: