Բնապահպանություն

Նորից հավաքվեցինք մեզ համար հարազատ դարձած վայրում՝ ջերմ միջավայր, ուրախ զրույցներ, օգտակար տեղեկություններ, լեռնային եռուզեռ: Այս ամենը նախքան դասը սկսվելն էր, իսկ դասի ժամանակ լրջացանք, մտահոգվեցինք ու սկսեցինք ելքեր փնտրել: Կհարցնեք՝ ինչու՞: Մեզ մոտ բնապահպանության դաս էր, երբ հասկանում ես, որ աշխարհում ամեն բան իրարով է պայմանավորված և մենք էլ շղթայի մի մասն ենք և պետք է պահպանենք բնությունը, որպեսզի շղթան չվնասվի: Հրահանգչի արհեստավարժ մոտեցման շնորհիվ երեխաներն իրապես պատկերացրեցին բոլոր այն վտանգները, որոնք սպառնում են բնությանը և կարող են կործանարար հետևանքներ ունենալ, եթե յուրաքանչյուրս չկանխարգելենք բնության աղտոտումը: Անդրադարձանք նաև Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներին և դրանց լուծման ճանապարհներին: Հասկացանք, որ յուրաքանչյուրս էլ, անկախ տարիքից, կարող ենք այնպես անել, որ մեր բնաշխարհը չտուժի մեր գործողություններից: Հենց այդ նպատակով էլ բաժանվեցինք թիմերի ու սկսեցինք լուծումներ գտնել, թե ինչ պետք է անել և ինչ չի կարելի անել, որպեսզի պահպանենք բնությունը: Քննարկեցինք երկու թիմերի առաջարկները և որոշեցինք, որ մենք ինքներս կպահպանենք այդ կետերը և կփորձենք մեր ընկերներին և հարազատներին էլ հորդորել, որպեսզի հոգատար լինեն բնության հանդեպ:

Յուրաքանչյուր մարդ պետք է հոգ տանի բնության պահպանության համար: