Մթնասար լեռ

Լեռներ կան, որ մեր ուշադրությունը գրավում են նաև իրենց գեղեցիկ անուններով։ Մթնասարան էլ այդ լեռներից մեկն էր։ Այն գտնվում է Արարատի մարզում և ունի 1932 մ բարձրություն։ Երբ նոր էինք սկսում բարձրանալ, գագաթը պարզ էր, սակայն ընթացքում սկսեց ամպերով փակվել։ Խտացող և նոսրացող ամպերը անակնկալ տեսարաններ էին բացում մեր առջև կամ քողարկում դրանք։ Բարձրանալիս բախտ ունեցանք տեսնել կաքավների մի խումբ, որ մեզ պես տոտիկ-տոտկլ լեռն էին բարձրանում, իսկ երբ մենք իրենց շատ էինք մոտեցել՝ աղմկելով թռան։ Չնայած ամպերի չարաճճի խաղին, մենք կարողացանք լիարժեք վայելել լեռան լանջերից բացվող գեղեցկագույն տեսարանները, բարձունքից տեսնել դեպի լեռների խորքերում կորչող Դժոխքի ձորը։ Երբ իջանք գագաթից, որոշեցինք մեր արշավը շարունակել դեպի Դժոխքի ձոր ձգվող ճանապարհով, սակայն չիջնել կիրճ։ Այդ ճանապարհին տեսանք մացառախոզի ոտնահետքեր, և եթե ձեզ մոտ հարց առաջացավ, թե ինչպե՞ս իմացանք, որ դա մացառախոզի հետք է, ապա ասենք, որ այդ կարծիքին եկանք կենդանու թողած փշերը տեսնելով։ Երբ անձրև սկսվեց, մենք սկսեցինք հետ վերադառնալ։ Ցեխի հետ կռիվ տալով հասանք մեր մեքանային և վերադարձանք Երևան՝ քայլելով 6,5 կմ, հաղթահարելով 500մ բարձրություն։