Առաջին ձմեռային վերելքը` Մենակսար լեռ

Մենակսար լեռը գտնվում Կոտայքի մարզում, ունի 2401մ բարձրություն: Սա մեր ակումբի գործունեության ժամանակաընթացքի առաջին ձմեռային վերելքն էր։ Համարելով, որ երեխաներն արդեն պատրաստ են նման վերելքի, 14. հունվարի 2018թ.-ին ճանապարհ ընկանք։ Սկսեցինք քայլել Լեռնանիստ գյուղից, քանի որ այն ամենամոտն է լեռանը: Շարքով քայլելը հսկողություն է պահանջում, քանի որ երբեմն երեխաները խախտում են այս կանոնը: Իսկ այս անգամ խախտումները շատ էին, քանի որ ձյան առկայությունից երեխաները հաճախ մոռանում էին շարքի մասին: Քամին շատ գեղեցիկ նախշեր է արել ձյան վրա, ինչը չվրիպեց երեխաների աչքից: Մինչև 2300մ բարձրությունը եղանակը շատ լավն էր, իսկ 2300մ-ից քամի կար և սկսեց ձյուն գալ։ Վերելքի դժվարությունը գագաթին մոտ լանջերի սառույցն էր՝ ձյունը ոչ թե սառել էր, այլ սառույց էր դարձել: Այդ հատվածները զգույշ և բարեհաջող հաղթահարեցինք: Պարզ եղանակին Մենակսարի գագաթից տեսարան է բացվում դեպի Գեղամա լեռներ, սակայն ամպամած եղանակի պատճառով շատ բան չկարողացանք տեսնել:  Գագաթին երկար չմնացինք՝ արագ նկարվեցինք և ցած իջանք, քանի որ ցուրտ էր և քամի։ Վերադարձի ճանապարհը լի էր ուրախ ձայներով, օդում թռչող ձյան կտորներով, այս ու այն կողմ վազող մեծերով և փոքրերով: Չէ՛, չէ՛, սարը վազելով չէինք իջնում, չէ որ գիտենք, որ այդպես չի կարելի: Ընդամենը սարի ստորոտին ձնագնդիկ էինք խաղում: Ձնագնդիկ խաղալուց երեխաների դեմքը կարմրել էր, աչքերը փայլում էին, մեկն անցնում էր խորամանկ ժպիտով՝ հասկացնելով, որ հաջորդ ձնագնդիկի զոհը դու ես լինելու …

 

Թվում էր վերադարձի ճանապարհին ցրտից, քամուց և լավ էներգիա ծախցելու հետո լուռ կվերադառնանք Երևան, բայց այս անգամ էլ այդպես չեղավ՝ խաղերը, զրույցները, վերելքի վերաբերյալ քննարկումները ‹‹Աղմկոտ ավտոբուսի›› կոչումը բարձր պահեցին:

Առավելագույն բարձրություն- 2401մ

Նվազագույն բարձրություն-1941մ

Ընդհանուր վերելք- 460մ

Ընդհանուր վայրէջք- 460մ

Երկարություն- 8,39կմ (4,21կմ վերելք, 4,18կմ վայրէջք)

Տևողությունը- 5 ժամ:

Ժամանակաշրջանը- 14 հունվարի 2018թ.

Ձյան առկայությունը- 1960-ից, միջինը 5սմ խորությամբ: