Վերելք Արագած լեռ

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը: Այն ունի 4 գագաթ և մեր ակումբի անունը հենց Արագածի 4 գագաթներն են խորհրդանշում: Ամենաբարձր գագաթը Հյուսիսայինն է, ունի 4090մ բարձրություն:

Փորձը ցույց է տալիս, որ ակումբ հաճախող երեխաների ամենաառաջնային նպատակը Արագած բարձրանալն է: Երեխաները բավական երկար ժամանակ է ցանկություն էին հայտնում Արագած բարձրանալ, բայց հաշվի առնելով լեռան բարձրության հետևանքով առաջացող դժվարությունները և երեխաների տարիքը, հետաձգում էինք վերելքը: Բայց այլևս հնարավոր չէր դիմանալ ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների ճնշմանը: Սկսեցինք կլիմայավարժման ծրագիրը` երեք շաբաթ անընդմեջ վերելքներ կատարելով 3000մ-ից բարձր լեռներ. բարձրացանք Գեղմաղան, Կարմիր կատար և Աժդահակ լեռները: Այս ընթացքում երեխաները տեղյակ չէին սեպտեմբերի 21-ի Արագածի վերելքի ծրագրին և կարծում էին, որ այս տարի էլ չենք բարձրանա: Գեղամա լեռներում կատարած վերելքները ցույց տվեցին, որ երեխաները պատրաստ են ֆիզիկապես և լեռան բարձրությունն էլ այդքան խիստ չի ազդում ինքնազգացողության վրա:

Սեպտեմբերի 21-ին` առավոտյան ժամը 08:45 Քարի լճի մոտից սկսեցինք քայլել, որը գտնվում է 3200մ բարձրության վրա: Մինչև լիճ հասել էինք մեքենայով: Քայլել սկսեցինք 32 հոգով: Պատրաստվել էինք դիմավորել տարվա երեք եղանակաները, այնպես որ, երբ սկսեց թաց ձյուն գալ, դա մեզ չխանգարեց, այլ հակառակը` ուրախացրեց: Բոլոր արշավներին մեզ հետ ունենալով անձրևապաշտպան և այն չօգտագործելով, վերջապես հնարավորություն ունեցանք հագնել դրանք: Արև, ձյուն, քամի, արագ սլացող ամպեր` այս փոփոխվող եղանակը գործնականորեն ցույց տվեց երաեխաներին, որ իրոք, լեռներում եղանակը շատ արագ կարող է լավից վատ փոխվել, և հակառակը, ուստի մեր ուսապարկում պետք է անհրաժեշտ ամեն բան ունենանք: Դանդաղ քայլերով հասանք գագաթ: Թեև հոգնած էինք և մի քանի երեխայի մոտ ինքնազգացողությունն այդքան էլ լավ չէր, խառնարանի գեղեցկությունից և գագաթի երջանկությունից ամեն դժվարություն շատ չնչին դարձավ: Հայաստանի ամենաբարձր գագաթին այսքան մոտ լինելը ուժ տվեց երեխաներին, որն անհրաժեշտ էր հետ իջնելու համար: Ժամը 13:20-ին 28 հոգով գագաթին էինք: Այն երեխաները, ովքեր ինքնազգացողության փոփոխություն ունեցան մեր հրահանգչի հետ ցած իջան, այդ թվում մեր 6 տարեկան Հայկը: Պետք է ճիշտ ժամանակին կարողանալ հետ վերադառնալ:

Հայաստանի Հանրապետության անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, իրենք իրենց հաղթահարելով մեր երեխաները կանգնեցին Արագած լեռան 4 ԳԱԳԱԹ-ներից Հարավայինի գագաթին, որն ունի 3887մ բարձրություն, և ծածանեցին եռագույնը, սպասելով մյուս երեք գագաթների վերելքի օրվան:

Առավելագույն բարձրություն- 3887մ

Նվազագույն բարձրություն-3200մ

Ընդհանուր վերելք- 687մ

Ընդհանուր վայրէջք- 687մ

Երկարություն- 12կմ

Տևողությունը- 7ժամ

Ժամանակաշրջանը- 21 սեպտեմբերի 2018թ.